10:52 | 14.08.19 | Նորություններ | 14687

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Գյումրիում տուն է վերանորոգվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորական խմբերն այցելել են Գյումրի՝ հերթական ընտանիքին աջակցելու համար:

Հովհաննիսյանների ընտանիքն իր տունը կորցրել է 1988թ.-ի երկրաշարժի հետեւանքով: Դրան հաջորդել են մի փոքրիկ ավտոտնակում ապրելու, ապա՝ քարաշեն կիսակառույց գնելու եւ այն տուն դարձնելու փորձերի երկար ու ձիգ տարիները: Արմենին հաջողվել է բազմանդամ ընտանիքի հոգսերին զուգահեռ՝ տանիք կապել, բայց վերանորոգման աշխատանքները մնացել են անավարտ:

Այս տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրով, Հովհաննիսյանների խնդրի լուծման իրատեսական ճանապարհը գտնվել է: Գործընկեր կառույցների կամավորները մասնակցել են շինարարությանն ու կատարել հատակի բետոնացման աշխատանքներ։

«Գաղտնիք չէ, որ մենք մեր ծրագրերի մեջ զգալի տեղ ենք հատկացնում սահմանամերձ գյուղերին: Այնուամենայնիվ, չենք կարող սահմանափակվել դրանով եւ ձգտում ենք հնարավորության սահմաններում՝ օգտակար լինել նաեւ մյուսներին: Բնակարանային խնդիրը, ցավոք, արդիական է հանրապետության տարբեր բնակավայրերում: Գիտեմ, որ շատերը Գյումրի բառն ասելիս, անկախ իրենց կամքից՝ քանդված քաղաքի պատկեր են հիշում: Ուզում եմ հավատալ, որ կգա մի օր, երբ կիսաքանդ պատեր այլեւս չեն լինի, բոլորը կունենան կառուցված ու գեղեցիկ տներ՝ անկախ իրենց բնակության վայրից: Մեր ծրագրի նպատակներից մեկն էլ դա է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տարիների գործընկերության արդյունքում, կողմերին հաջողվել է լուծել ավելի քան 200 ընտանիքի բնակարանային խնդիր: Ավարտին են հասցվել կիսակառույցների եւ վերանորոգման անհրաժեշտություն ունեցող տների շինարարական աշխատանքներ:

«Մենք ընտանիքներին օգնում ենք, որպեսզի բարեկարգ պայմաններ ստեղծեն եւ բարեկեցիկ ապագա կառուցեն իրենց երեխաների համար: Այս ընտանիքի երեք անչափահասներն արժանի են մեծանալու ավելի լավ պայմաններում: Դա անհրաժեշտ է նաեւ կայացած, պատասխանատու քաղաքացի ունենալու տեսանկյունից»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ միայն Շիրակի մարզում կառուցվել է 12 տուն։