10:59 | 05.08.19 | Նորություններ | 3120

Հակոբ Արշակյանը ներկայացրել է նոր նախարարության ռազմավարությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը օգոստոսի 2-ին մասնակցել են «Սեւան Ստարտափ Սամմիթ 2019» ամենամյա հավաքին:

Վարչապետի խոսքով` կառավարության նպատակն է, որպեսզի ստարտափը Հայաստանում լինի իշխող մտածողություն, որտեղ յուրաքանչյուր մարդ առաջինը հավատա իր ուժերին, ինչի արդյունքում բոլորին կստիպի հավատալ իրենց ուժերին, տաղանդին, մտքերին եւ հզորությանը:

Նիկոլ Փաշինյանի ողջույնի խոսքից հետո տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շնորհանդեսը։ Ցուցադրվել է փոքրիկ տեսահոլովակ, որտեղ ներկայացվել է հայկական տեխնոլոգիաների զարգացման ընթացքը՝ ակունքներից մինչեւ ներկա նվաճումներ:

Այնուհետեւ Հակոբ Արշակյանը ներկայացրել է նորաստեղծ նախարարության ռազմավարությունը, զարգացման ուղղություններն ու հեռանկարային ծրագրերը:

Խոսելով ռազմարդյունաբերական ոլորտում առաջընթաց ունենալու հնարավորություններից՝ նախարարը ներկաներին տեղեկացրել է, որ 114 տոկոսով ռազմարդյունաբերության ոլորտի ֆինանսավորումը կավելանա, ինչի շնորհիվ կարդիականացվի զինտեխնիկան, կմշակվեն նոր նմուշներ, կզարգանան արտադրական հնարավորությունները:

Նախարարը խոսել է նաեւ Ազգային վենչուրային հիմնադրամ ստեղծելու գաղափարի եւ հնարավորությունների մասին, «Ինժեներական քաղաքի», մարզերում տեխնոպարկեր հիմնելու ծրագրերի, թվայնացման ոլորտի քաղաքականության կազմակերպման մասին:

Հակոբ Արշակյանը հայտարարել է նաեւ բարձր տեխնոլոգիական ոլորտի խորհրդակցական մարմնի կազմավորման սկիզբը, որի կանոնադրությունն առաջիկայում կհաստատվի: