17:08 | 02.08.19 | Նորություններ | 3502
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է շվեյցարահայ գործարար Վարդան Սիրմաքեշին։
Գործարարը նշել է, որ տեղյակ է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի առաջընթացի, հայ մասնագետների ներուժի, բարձր որակների մասին եւ ցանկանում է Հայաստանում ծրագիր սկսել, որը տեխնոլոգիական ոլորտին զուգահեռ կզարգացնի մեխանիկական մեքենայացման ուղղությունը։ Նա ընդգծել է, որ ցանկանում է Հայաստան ներմուծել նորագույն, վերջին սերնդի ճշգրիտ հաստոցներ՝ դրանով նպաստելով մեր երկրում արտադրության եւ ռազմարդյունաբերության զարգացմանը։
Նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ ներկայացված առաջարկը շատ կարեւոր է Հայաստանի առաջընթացի եւ զարգացման համար եւ պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրի իրականացմանը։
Նախարարը շվեյցարահայ գործարարին է ներկայացրել բարձր տեխնոլոգիական ոլորտում ՀՀ կառավարության մոտեցումները, դրա զարգացմանն ուղղված առաջնահերթություններն ու ծրագրերը։ Նա անդրադարձել է «Ինժեներական քաղաքի» կառուցման ծրագրին, նշել, որ նախատեսվում է ստեղծել այնպիսի էկոմիջավայր, որտեղ ինժեներական ընկերությունները կյանքի կկոչեն նոր գաղափարներ՝ գիտահետազոտական նախագծերից մինչեւ արտադրություն։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպում կազմակերպել այն մասնագետների հետ, որոնք աշխատելու են ներկայացված ծրագրի ուղղությամբ։