11:27 | 22.07.19 | Նորություններ | 2002
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի գործունեությանը։
Կենտրոնի տնօրեն Պատվական Հախինյանը նշել է, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի նպատակը բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծումն է տեխնոլոգիական ընկերությունների համար: Կենտրոնն օգնում է սկսնակ ընկերություններին, տեխնոլոգիական թիմերին իրենց գաղափարները վերածել հաջողակ բիզնեսի: Սկսած 2016թ.-ից՝ կենտրոնի աքսելերացիոն ծրագրերին մասնակցել է մոտ 30 թիմ:
Գործունեության մյուս ուղղությունը վերաբերում է մասնագիտական կարողությունների զարգացմանը։ Կազմակերպվում են ծրագրավորման տարբեր դասընթացներ բոլոր տարիքի անձանց համար՝ սկսած 10 տարեկան երեխաներից։
Հանրապետության նախագահը շրջայց է կատարել կենտրոնի տարածքում, զրուցել դասընթացների մասնակից երեխաների հետ, այնուհետեւ հանդիպել է կենտրոնում տեղակայված ընկերությունների ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել նրանց գործունեությամբ, ինչպես նաեւ պատասխանել հարցերին։
Նախագահը նրանց կոչ է արել ավելի մասշտաբային մտածել․
«Իմ կոչը ձեզ հետեւյալն է՝ մտածեք մեծ։ Որքան փոքր մտածենք, այնքան փոքր ենք զարգանալու։ Հետեւաբար՝ գոյատեւելու ենք, ոչ թե հաղթելու։ Սա շատ էական է: Ձեր ստեղծագործական կյանքում մեծ մտածեք, մի վախեցեք անհաղթահարելի կամ դժվար թվացող խնդիրներին դեմ հանդիման կանգնելուց, փորձեք դրանք լուծել։ Եթե դուք ունեք, օրինակ, ժամանակակից արագ ինտերնետային կապ եւ հնարավորություն՝ ձեր գործընկերների հետ կապվելու, իմանալու՝ ինչ կա շուկայում, որեւէ պատճառ չկա, որ այստեղ չկարողանաք նույնպիսի ստեղծագործական հաջողություն ունենալ, ինչ դրսում։ Չկա այդպիսի պատճառ։ Քսանմեկերորդ դարում աշխարհն արագ փոխվում է, եւ ով դա չի նկատում՝ ուշանալու է»,- նշել է Արմեն Սարգսյանը:
Նա խորհուրդ է տվել քայլել այդ փոփոխություններին համահունչ եւ ստեղծել այնպիսի արտադրանք, որը մրցունակ կլինի աշխարհում։
«Մրցունակ լինելու համար մենք պետք է ունենանք լավագույն արտադրանքը։ Դրա մոդելը մենք ունենք․ գյուղատնտեսության մեջ մենք ունենք հայթեք՝ կոնյակ։ Նույն խաղողից մենք պատրաստում ենք կոնյակ, որը ոչ այլ ինչ է, քան խաղողի հյութի հայթեքը։ Այսինքն, եթե մենք որեւէ տեղ ինչ-որ բան պիտի զարգացնենք, դա առնվազն պետք է հայկական կոնյակի նման լինի։ Եթե մենք հայթեք ենք զարգացնում այստեղ, դա պետք է լինի լավագույն արհեստական բանականության մակարդակի,-ընդգծել է նախագահը։- Դրան հասնելու համար ճանապարհ պետք է անցնենք՝ բոլորս միասին, եւ պետությունը նույնպես պետք է աջակցի։ Այդ ճանապարհը պետք է արագ անցնենք, ու այստեղ ամենահիմնական խնդիրներից մեկը կրթությունն է»,- ընդգծել է նա:
Նշելով, որ գիտությամբ, տեխնոլոգիաներով զբաղվելը կարեւոր է եւ հետաքրքիր՝ նախագահ Սարգսյանը երիտասարդ ձեռներեցներին հորդորել է սիրել ու բավականություն ստանալ այն աշխատանքից, որը նրանք կատարում են։