11:15 | 18.07.19 | Նորություններ | 2254
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) անդամակցել է Robotex միջազգային միավորմանը:
Վերջինս կոնսոլիդացնում է շուրջ 50 երկիր, որոնք գործունեություն են ծավալում ռոբոտաշինության ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Հունաստանը, Էստոնիան, Կոլումբիան եւ այլն։
Համագործակցության արդյունքում այս տարվա նոյեմբերի 9-ին ԱՏՁՄ-ն կկազմակերպի Հայաստանում առաջին միջազգային Robotex Armenia մրցույթը, որին կմասնակցեն ինչպես Արմաթ ինժեներական լաբորատորիաները, Robotex միջազգային միավորման անդամ-երկրները, այնպես էլ ոլորտով հետաքրքրված անհատներ եւ ընկերություններ։
Այն անց է կացվելու «Խելացի քաղաք» խորագրով:
«Միությունը նպատակ է դրել Հայաստանը դարձնել ավտոմատ ռոբոտների մրցույթների կենտրոն եւ այդ առումով մեր երկիրը ճանաչելի դարձնելու համար Հայաստան է հրավիրում ոլորտի համաշխարհային մրցույթներ: Այս անգամ, մասնավորապես, դա Robotex մրցույթն է»,- նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Մրցույթի նպատակն է խրախուսել ռոբոտաշինության, ծրագրավորման եւ դիզայնի նկատմամբ հետաքրքրությունը եւ հանրահռչակումը, ռոբոտաշինության ոլորտի եւ ճարտարագիտական մտածելակերպի զարգացումը: