17:17 | 16.07.19 | Նորություններ | 9897

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Աղավնաձորում կլուծվի կիսակառույց տան եւ թեքահարթակի խնդիր

Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում ապրող Բաբայանների տան խնդիրը հայտնվել է բնակարանաշինության ծրագիր իրականացնող գործընկերների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ուշադրության կենտրոնում:

Գործընկերների աջակցությամբ, մինչեւ տարեվերջ այս ընտանիքին կհաջողվի լուծել տարիների խնդիրը:

«Տունը կառուցել են ծնողներս: Ընթացքում առաջացած խնդիրները լուծվել են մասնակի: Սենյակներում կա լուսավորության խնդիր: Նոր պատուհաններ բացելու, իսկ հները՝ փոխելու անհրաժեշտություն կա: Պատշգամբը որոշ հատվածներում քանդվում է: Կա նաեւ տանիքի խնդիր, որը մասնակի ենք լուծել: Թեքահարթակս փայտից է եւ վաղ թե ուշ՝ շարքից դուրս կգա: Ձմռանը տեղաշարժվելու խնդիր կունենամ: Եվ առհասարակ՝ եթե քայլեր չձեռնարկենք, ապա տարիների ընթացքում տունը կփլուզվի»,-ասել է ավագ որդին՝ Ալիկը:

«Մեր տունն անձրեւաջրերի հեռացման համակարգ չունի: Դրա հետեւանքով պատերը տարիներ շարունակ խոնավացել են ու սկսել քանդվել: Արդեն տասնհինգ տարի այդ վիճակն է: Վերակառուցելու հնարավորություն չենք ունեցել: Խնդիրն այդպես էլ մնացել է: Իմ երազանքն է՝ օջախս նորից լուսավոր ու մաքուր տեսնել»,- ասել է ընտանիքի մայրը՝ տիկին Սոնան: