11:32 | 09.07.19 | Նորություններ | 2826
Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Սեւանում տեղի կունենա ամենամյա «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ն, որն այս տարի կմիավորի ավելի քան 1000 ձեռներեցների ողջ աշխարհից՝ Հայաստանում։
Վրանային ստարտափ հավաքը, որն առաջին անգամ կազմակերպվել է 2016թ․-ին, արդեն անցկացվել է աշխարհի տարբեր երկրներում։ Մինչ այս պահը Սամմիթին մասնակցել են ավելի քան 450 ստարտափներ եւ 15,000 մասնակիցներ։ Ավելի քան $200 հազ. դրամաշնորհ է տրվել ստարտափներին եւ կատարվել է շուրջ $2 մլն ներդրում։
«Սեւան Ստարտափ Սամմիթ 2019»-ին մասնակցելու համար այս տարի ստացվել են շուրջ 1000 ստարտափ հայտեր, 200-ից ավելի ծրագրավորողների եւ շուրջ 1200 կամավորների հայտեր։ Սամմիթին մասնակցության հրավեր է ստացել մոտ 100 ստարտափ ողջ աշխարհից։ Ի տարբերություն նախորդ տարիների, Սամմիթ 2019-ի մասնակից ստարտափների մեծամասնությունն արդեն գործում է եւ ապահովել է որոշակի եկամուտ։
Ստարտափների զարգացման եւ միջազգային շուկաներ գրավելու նպատակով Հայաստան են հրավիրվել մենթորներ եւ բիզնես էքսպերտներ ողջ աշխարհից։ Ավելի քան 100 հաջողակ ձեռներեցներ եւ ոլորտի առաջատարներ Սամմիթի 7 օրերի ընթացքում իրենց փորձով կկիսվեն մասնակիցների հետ։ Կրթական ծրագրով նախատեսված են ինչպես դասախոսություններ մասնակիցների եւ այցելուների համար, այնպես էլ անհատական հանդիպումներ մենթորների եւ ստարտափների միջեւ։ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2019»-ի հատուկ հյուրերի շարքում են «Կոմեդի Կլաբ»-ի համահիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, ServiceTitan-ի համահիմնադիր Վահե Կուզոյանը:
«Սեւան Ստարտափ Սամմիթ 2019»-ին մասնակցող ստարտափները մրցելու են $100 հազ. մրցանակային ֆոնդի համար։ Լինելու է նաեւ $100 հազ. երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2 կամ 3 ստարտափների մեջ։ Սամմիթին ներկա կգտնվեն անհատ ներդրողներ եւ վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ ողջ աշխարհից։ Նախատեսվում է ձեռք բերել ավելի քան $1մլն ներդրումային համաձայնություններ։
Սամմիթին մասնակցության համար մասնակիցները գումար չեն վճարի։ Նրանց կտրամադրվեն վրաններ եւ քնապարկեր, ինչպես նաեւ 2 անգամյա սնունդ։ Այցելուները Սամմիթի տարածք այցելելու եւ կրթական ծրագրին մասնակցելու համար կկարողանան ձեռք բերել մեկ-օրյա այցետոմսեր։