10:18 | 03.07.19 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 316136
Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն չորրորդ շրջանի շրջանավարտ ստարտափներին:
FinAssist-ն առցանց հարթակ է, որը թույլ է տալիս վարկառուներին մեկ վայրից դիմել միաժամանակ բազմաթիվ ֆինանսական կազմակերպությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ), նրանցից ստանալ անհատականացված վարկային առաջարկներ մեկ վայրում եւ հեշտությամբ ընտրել ամենահարմարը։
Ստարտափի հիմնադիրներն են դպրոցական ընկերներ Դավիթ Միքայելյանը եւ Արտակ Զարգարյանը, որոնք ֆինանսական, ծրագրերի կառավարման եւ մարքեթինգի բազմամյա փորձ ունեն։
Դավիթ Միքայելյանի խոսքով, ներկայում ճիշտ եւ գիտակցված ընտրություն կատարելու համար վարկառուներին անհրաժեշտ է ֆիզիկապես այցելել մի քանի ֆինանսական կազմակերպություն, սպասել հերթերում, բոլոր կազմակերպություններում պատասխանել միեւնույն հարցերին՝ արդյունքում ծախսելով ահռելի ժամանակ եւ ռեսուրսներ։
«Ինչ վերաբերում է ֆինանսական կազմակերպությունների վեբ կայքերի ուսումնասիրությանը, ապա այնտեղ կարելի է գտնել միայն ընդհանրացված տեղեկատվություն, եւ վարկառուները չեն կարող հասկանալ, թե իրենց ինչ պայմաններով վարկեր կառաջարկվեն։ Մեր հարթակը լուծում է բոլոր այս խնդիրները՝ հնարավորություն տալով վարկառուներին վարկի համար դիմել ցանկացած վայրից՝ ըստ հարմարության։ Բացի այդ, մեր ծառայությունները բոլորովին անվճար են վարկառուների համար»,- նշել է նա:
Դավիթ Միքայելյանն ընդգծել է, որ հարթակն առանձնանում է իր ավտոմատացման մակարդակով՝ ինչպես վարկառուների, այնպես էլ ֆինանսական կազմակերպությունների համար։ Այն պարզ եւ հարմար է երկու կողմերի օգտագործման համար, տրամադրում է ընթացիկ խորհրդատվություն վարկառուներին եւ պարբերական վերլուծություններ՝ ֆինանսական կազմակերպություններին։
Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագրին մասնակցությունը FinAssist-ի թիմին հնարավորություն է տալիս ինտեգրվել ստարտափ էկոհամակարգին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում։
«Ծրագիրը բավականին հագեցած էր ինչպես ստարտափների համար` անհրաժեշտ գիտելիքների բոլոր ասպարեզները ծածկող դասընթացներով, այնպես էլ տարբեր պրոֆեսիոնալ մենթորների հետ առանձին հանդիպումներով։ Ծրագրի շնորհիվ մենք կարողացանք ձեւավորել մեր առաջնային պրոդուկտը (MVP) եւ թիրախավորել մեր առաջիկա անելիքները»,- նշել է Դավիթ Միքայելյանը:
Առաջիկա մեկ ամսում FinAssist-ի թիմը նախատեսում է գործակել հարթակը երկու վարկատեսակներով՝ անշարժ գույքի ձեռքբերում եւ վերանորոգում։
Փորձարկումից եւ անհրաժեշտ բարելավումներից հետո մինչեւ տարեվերջ կծածկվեն հիփոթեկային բոլոր վարկատեսակները։ Թիմը ներկայում համագործակցում է Startup Wise Guys աքսելերատորի հետ եւ ծրագրում է հոկտեմբերին մասնակցել Լիտվայում կայանալիք ֆինթեք աքսելերացիոն ծրագրին։
Նարինե Դանեղյան