17:08 | 12.06.19 | Նորություններ | 9730

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Երեւանում կկայանա 16-րդ «Ոսկե ծիրանը»

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ հուլիսի 7-ին կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը:

Կինոփառատոնի մեկնարկն այսօր ազդարարել են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ու կինոփառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում միջոցառման կազմակերպիչները լրագրողներին ներկայացրել են կինոփառատոնի՝ այս տարվա պաշտոնական պաստառը, ինչպես նաեւ անդրադարձել են սպասվող միջոցառումներին:

«Այս տարի փառատոնը որոշակի փոփոխություններ է կրել, քանի որ փոխվել է փառատոնի ղեկավար կազմը: Փառատոնի կազմը համալրել են երիտասարդներ, որոնք մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում 16-րդ «Ոսկե ծիրանին» եւ անում են ամեն ինչ՝ այն իսկապես կինոտոն դարձնելու համար: Փոփոխություններ են եղել նաեւ գերատեսչությունների համատեքստում. տեղի է ունեցել նախարարությունների միավորում, եւ այսուհետեւ մենք համագործակցելու ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ: Չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ընկերությունն արվեստի՝ մասնավորապես՝ կինոյի եւ «Ոսկե ծիրանի» նվիրյալներից է, ինչի համար մենք շատ ուրախ ենք եւ շատ շնորհակալ մեր փառատոնի լավագույն բարեկամին»,- նշել է Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեծ կարեւորություն է տալիս մշակութային կյանքի, մասնավորապես՝ ազգային կինեմատոգրաֆի, ակտիվացմանն ու զարգացմանը Հայաստանում: Տարիներ շարունակ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում մեր ընկերությունը կանգնած է կինոգործիչների կողքին: Կինոարվեստի զարգացման կարեւոր խթան լինելու հետ մեկտեղ, կինոփառատոնը հսկայական աշխատանք է տանում աշխարհի քարտեզի վրա Հայաստանը որպես հարուստ մշակույթ ունեցող երկիր ճանաչելի դարձնելու գործում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաեւ ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից:

Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (խաղարկային եւ վավերագրական), ինչպես նաեւ կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են. դրանք են՝ «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»: