17:01 | 07.06.19 | Նորություններ | 1885
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով փոխտեղակալ Դեյվիդ Միլեի հետ:
Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը ներկայացրել է նորաստեղծ նախարարության խնդիրները, արդեն իսկ ուրվագծված հետագա ծրագրերը եւ այդ առնչությամբ անդրադարձել է Հայաստանի գիտական, տեխնոլոգիական, կրթական, գործարար ոլորտների ներուժին։
Նախարարը նշել է նաեւ, որ կառավարման ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, գործարար եւ մրցակցային միջավայրերի բարելավումը ստեղծել են անհրաժեշտ բոլոր պայմանները ոլորտի զարգացման համար:
Համագործակցությունն այս ոլորտում զարգացման մեծ հեռանկար ունի` պայմանավորված ԱՄՆ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման բարձր մակարդակով եւ ՀՀ-ում գիտակրթական ներուժի առկայությամբ, որը պետք լավագույնս օգտագործել, ընդ որում՝ գործել պետք է այնպիսի արագությամբ, ինչպես զարգանում են տեխնոլոգիաները:
Փոխտեղակալ Միլեն կարեւորել է ԱՄՆ-ում հայկական սփյուռքի դերը այս ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցությունը զարգացնելու համար:
Կողմերն անդրադարձել են նաեւ ԱՄՆ-ից Հայաստան երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումներին եւ պատրաստակամություն են հայտնել համագործակցել այդ բնագավառում։
Հանդիպման ավարտին նախարարը ամերիկյան կողմին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում կայանալիք WCIT-2019-ին: