11:22 | 06.06.19 | Նորություններ | 1915
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում կայացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հերթական «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը՝ նվիրված ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը:
Երկօրյա ֆորումն անցկացվել է ՀՀ ՊՆ Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի եւ Ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միության աջակցությամբ։
Դիլիջանում կայացած ֆորումի շրջանակում ՀՀ պետական եւ մասնավոր ոլորտի 30-ից ավելի ներկայացուցիչներ քննարկել են Ռազմարդյունաբերական համալիրի ներկա մարտահրավերներին համապատասխան կառուցվածքային հիմնահարցեր, գնման մեխանիզմների անհրաժեշտ եւ արդի լուծումներ եւ անվտանգությանն ուղղված այլ հարցեր:
«Ավանդական դարձած ՏՀՏ ոլորտների առաջնորդների հանդիպումը կոնսոլիդացիայի արդյունավետ հարթակ էր: Ռազմարդյունաբերության կոմիտեի, ԱԱԾ-ի, Ֆինանսների նախարարության, Ռազմարդյունաբերության ձեռնարկությունների միության եւ այլ կառույցների շահագրգիռ կողմերը բազմապրոֆիլ քննարկումներ անցկացրեցին. հիմնական շեշտադրումներն էին ռազմարդյունաբերության կառուցվածքային դերակատարումները, ոլորտի գնումների պատշաճ կազմակերպումը, գիտահետազոտական աշխատանքների խթանիչ գրավականները»,- նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
ԱՏՁՄ-ն «ՏՀՏ լիդերների հանդիպում» ձեւաչափը իրականացնում է տարեկան 2 անգամ՝ սկսած 2007թ.-ից: Հանդիպում-ֆորումը հնարավորություն է տալիս ոչ ֆորմալ միջավայրում ինտերակտիվ երկխոսության միջոցով վերհանել ոլորտային խնդիրները, մշակել լուծումներ ապահովող ռազմավարություններ: