14:26 | 16.05.19 | Նորություններ | 2064

Երեւանում ընթանում է թվային հմտություններին նվիրված միջազգային աշխատաժողով

Այսօր Երեւանում մեկնարկել է Թվային հմտությունների գծով Արեւելյան գործընկերության տարածաշրջանային ցանցի 6-րդ աշխատաժողովը:

Երկօրյա աշխատաժողովի համակարգող երկրներն են Հայաստանն ու Լատվիան: Աշխատաժողովին մասնակցում են Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի, Լատվիայի ոլորտային մասնագետներ, պետական կառույցների ներկայացուցիչներ եւ այլ հյուրեր:

Հանդիպման մեկնարկին բացման խոսքով հանդես է եկել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա կարեւորել է էլեկտրոնային կրթությունը՝ ի դեմս «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի եւ «Իրական դպրոց» կրթական ծրագրերի:

Թվային հմտությունների գծով Արեւելյան գործընկերության տարածաշրջանային ցանցի գործունեությունն ուղղված է ԵՄ ու Արեւելյան գործընկեր անդամ-երկրների միջեւ թվային հմտությունների ոլորտում փորձի փոխանակման, կապերի խորացմանն ու համատեղ նախաձեռնությունների եւ ծրագրերի միջոցով ոլորտային համագործակցության ընդլայնմանը:

Ցանցը ձեւավորվել է «Տնտեսական ինտեգրման եւ ԵՄ քաղաքականություններին համապատասխանեցման» պլատֆորմի ներքո իրականացվող Թվային շուկաների ներդաշնակեցման ծրագրի շրջանակում:

Մասնակիցները կայցելեն նաեւ ՏՏ ընկերություններ եւ կրթական հաստատություններ՝ ծանոթանալու հայկական փորձին:

Միջոցառումը կազմակերպվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից` Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ: