Արայիկ Հարությունյանը
11:35 | 16.05.19 | Նորություններ | 1772
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրավերով Չինաստանում կմասնակցի «Արհեստական բանականություն եւ կրթություն» խորագրով միջազգային համաժողովին։
Համաժողովը կազմակերպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ Չինաստանի կառավարությունը, որին մասնակցելու են տարբեր տարածաշրջանների երկրների կրթության նախարարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ, արհեստական բանականության արդյունաբերության առաջնորդներ, ՄԱԿ-ի կառույցների ավագ ներկայացուցիչներ։
Համաժողովի նպատակն է ստեղծել կրթության ոլորտում արհեստական բանականության ներդրման շուրջ նոր գաղափարների փոխանակման հարթակ։
Մասնակցությունն այս համաժողովին թույլ կտա Հայաստանում իրականացվող գիտական հետազոտություններն ու ձեռքբերումները ներկայացնել միջազգային ասպարեզում եւ ակտիվ դեր ստանձնել արհեստական բանականության՝ ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում եւ մշակումներում։
Համաժողովում Արայիկ Հարությունյանը հանդես կգա զեկույցով: Նա նաեւ կհանդիպի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալին։