11:33 | 10.05.19 | Նորություններ | 2200
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է 72 գիտահետազոտական ինստիտուտներ միավորող Fraunhofer կազմակերպության նախագահության անդամ, Եվրոպական քաղաքականության եւ բիզնես զարգացման հարցերով տնօրեն, դոկտոր Յենս-Գյունտեր Նոյգեբաուերի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ անչափ կարեւոր է համարում գերմանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ծրագրերում եւ գործընկերային նոր հարաբերություններ հաստատելու հնարավորությունները։
Հակոբ Արշակյանը Fraunhofer կազմակերպության պատվիրակությանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության տեսլականը, տեղեկացրել նաեւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծման մասին։
Նախարարը ընդգծել է տեխնոլոգիական ոլորտում հայ մասնագետների ունեցած մեծ ներուժը, անդրադարձել կրթական այն ծրագրերին, որոնք ուղղված են ոլորտի բարձրակարգ կադրեր պատրաստելուն՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, դպրոցական ծրագրերում շախմատի դասավանդմանը, մաթեմատիկայի, ֆիզիկայի, ռոբոտաշինության միջազգային օլիմպիադաներում եւ մրցույթներում հայ պատանիների նվաճումներին:
Հակոբ Արշակյանը կարեւորել է նաեւ տեխնիկական բուհերում որակյալ մասնագետներ պատրաստելուն ուղղված քայլերը, տեխնոլոգիական ընկերությունների կողմից բուհերում գիտահետազոտական լաբորատորիաներ ունենալու անհրաժեշտությունը։
Նախարարն անդրադարձել է ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, ինչպես նաեւ Հայաստանում արտասահմանյան ընկերությունների կողմից մասնաճյուղեր բացելուն ուղղված պետական քաղաքականությանը։
Դոկտոր Յենս - Գյունտեր Նոյգեբաուերն իր հերթին նշել է, որ իրենք Հայաստանում գտել են այն հետաքրքիր գործընկերներին, ում փնտրում էին տեխնոլոգիական ոլորտում։ Նա ընդգծել է, որ հավատում են Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հաջողությանը եւ պատրաստ են համագործակցելու։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Fraunhofer-ի հետ գործակցության մի շարք հնարավորություններ, այդ թվում՝ արհեստական բանականության եւ մեքենաշինական տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ գիտահետազոտական ծրագրեր իրականացնելու տարբերակները։