16:51 | 08.05.19 | Նորություններ | 9183

«Ռոստելեկոմ»-ն ամփոփել է «Азбука Интернета» դասընթացների եւս մեկ փուլ

Ամփոփվել է «Азбука Интернета» նախագծի եւս մեկ փուլ, որը «Ռոստելեկոմ»-ն իրագործել է՝ համագործակցելով «Այբ» դպրոցի եւ «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ։

«Азбука Интернета» նախագիծը այս անգամ եւս համակարգչային հմտությունների զարգացման դասընթացի շուրջ միավորեց մանկավարժների, ինժեներների, տնտեսագետների, գիտնականների, քիմիկոսների ու ֆիզիկոսների, բժիշկների, խմբագիրների եւ այլ կարեւոր մասնագիտությունների տեր անձանց՝ դառնալով շարունակական կրթության մաս (Lifelong Learning):

«Համոզված եմ՝ ծրագիրը ճիշտ ժամանակին կազմակերպվեց, որովհետեւ այն արդեն ինձ համար անհրաժեշտություն էր։ «Азбука Интернета» ծրագիրը օգնում է բոլոր տարիքի մարդկանց յուրացնել ժամանակակից տեխնոլոգիաները։ Առաջին հերթին պետք է կարողանալ տրամադրվել, հաղթահարել սեփական վախերն ու չմոռանալ, որ կյանքում ոչինչ հեշտությամբ չի տրվում։ Երկրորդ՝ մեզ դասավանդող երիտասարդները խիզախում էին, իրենք պատրաստակամ էին օգնելու, սովորեցնելու եւ համոզելու, անգամ շատ համբերատար էին: Վստահ եմ, որ առանց ժամանակակից տեխնոլոգիաների իմացության շատ ու շատ հարցերում կարող ենք թերարժեքություն զգալ, իսկ այս նախագիծը ինքնավստահություն է ձեւավորում»,- նշել է մասնակից Գոհար Պետրոսյանը (մանկավարժ)։

«Азбука Интернета» նախագիծն իրենից ներկայացնում է միջին տարիքի (50+) եւ տարեց բնակչության շրջանում համակարգչային դասընթացների շարք, որը հատուկ մշակված է նրանց համար եւ ընդգրկում է համակարգչային գրագիտության կարեւորագույն բաժինները՝ սարքավորումների կառուցվածքից մինչեւ առցանց ռեսուրսների կիրառում, այլ սարքերի (պլանշետ) կիրառություն։

Ծրագիրն անց էր կացվում «Վիքիմեդիա Հայաստան»-ի գրասենյակում:

Դասընթացների ավարտին մասնակիցները թեստավորում անցան, ստուգեցին ստացած գիտելիքները։ Ամփոփիչ հանդիպման ընթացքում էլ նրանց շնորհվեցին նվերներ եւ հավաստագրեր։ Հավաստագրեր շնորհվեցին նաեւ «Այբ» դպրոցի աշակերտներին, ովքեր անգնահատելի փորձ ու հմտություններ ձեռք բերեցին նախագծի շրջանակներում։ Դասընթացների ընթացքի մասին պատմող տեսանյութը հրապարակվել է «Ռոստելեկոմ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

«Նախագիծը յուրօրինակ է իր բնույթով եւ միեւնույն ժամանակ շատ կարեւոր․ այն հնարավորություն է ընձեռում 50 եւ ավելի բարձր տարիքի մասնագետներին լրացնել համակարգչից, ինտերնետ ռեսուրսներից օգտվելու իրենց գիտելիքների բացը, դառնալ աշխատաշուկայի ակտիվ ու մրցունակ խաղացողներ։ Շնորհավորում եմ մասնակիցներին եւ նոր ձեռքբերումներ ու հաջողություններ մաղթում մեր ընկերության անունից»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հայաստանում «Азбука Интернета» նախագծը իրականացվում է 2015թ.-ից։ Այս ընթացքում դասընթացների շնորհիվ շուրջ 300 մասնակիցներ Երեւանից եւ մարզերից մասնակցել ու ձեռք են բերել համակարգչային հմտություններ։

«Азбука Интернета» դասընթացներն անց են կացվում հայերեն լեզվով՝ հայաստանյան լսարանի համար հատուկ մշակում անցած ձեռնարկի օգնությամբ, որի էլեկտրոնային տարբերակն առկա է նաեւ նախագծի կայքում: