16:14 | 30.04.19 | Նորություններ | 8497

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ մեկնարկել է բնակարանաշինության նոր ծրագիրը

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» հայտարարել են շարունակվող համագործակցության ու 2019 թվականի անելիքների մասին:

Գործընկերների աջակցության թիրախն այս տարի դարձյալ մարզերն են:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, ընթացիկ տարում, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում Հասոյանների ընտանիքի համար տուն կկառուցվի:

«Մենք սկսում ենք 2019 թվականի՝ բնակարանաշինության ծրագիրը: Ուրախ եմ, որ այս գործընթացը շարունակվող է: Ոտքի կանգնող ամեն ընտանիքի հաջողություն մեր հաղթանակն է: Մի առիթով, այս ընտանիքներին համեմատել եմ քարը ճեղքող ծառի հետ, որը չի կոտրվում: Նրանց կողքին ճիշտ ժամանակին հայտնվելը հաճախ կարեւոր ու մեծ փոփոխություն է բերում նրանց կյանք: Հպարտ եմ՝ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ տարիների գործընկերության համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ծրագրի շարունակականությունը բազում ընտանիքների համար երկար սպասված հույսերի իրականացումն է: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ hամագործակցության շնորհիվ բազում ընտանիքներ են գտել իրենց երջանկությունը: Ընտանիքի կենցաղային պայմանների բարելավումը նրանց կյանքի որակական փոփոխության երաշխիքն է: Շնորհակալ ենք այս համագործակցության համար»,- ասել է « Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ընտանիքների ընտրությունն իրականացնում է «Ֆուլեր տնաշինական կենտրոնը, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապահովում է ֆինանսական աջակցությունը, հաճախ նաեւ, կամավորականության սկզբունքով շինարարական աշխատանքներին մասնակցությունը: