17:40 | 23.04.19 | Նորություններ | 3806
Երեւանի թիվ 200 հիմնական դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան համալրվել է 3D Systems ամերիկյան արտադրության FabPro 1000 բացառիկ տպիչով:
Նորարարական այս տպիչն առանձնահատուկ է ինժեներական նորագույն լուծումներով եւ ճշգրիտ մեխանիզմով: Այս սարքով մոդելավորվող եւ տպվող դետալները կիրառվում են ռազմական, առողջապահության, տրանսպորտի, ժամանցային եւ այլ ոլորտներում՝ պրոդուկտների նախագծման եւ արտադրության համար:
Թիվ 200 հիմնական դպրոցի «Արմաթ» խմբակին 3D Systems ամերիկյան արտադրության FabPro 1000 տպիչը նվիրել է բարերար Սամվել Բեկյանը, ում որդին սովորում է միեւնույն դպրոցում:
Սամվել Բեկյանը Բենիլյուքս (Բելգիա, Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ) երկրներում 3D Supply Management 3D Systems ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է: «Այս տպիչի առանձնահատկությունն այն է, որ դպրոցականները կարտադրեն գերճշգրիտ տվյալներով դետալներ ու կաշխատեն արդեն առավել բարդ պրոյեկտների վրա»,- նշել է նա:
«Մեզ համար առանցքային նշանակություն ունի նորարարական կրթության բարձր որակի ապահովումն ու դպրոցականներին մշտապես արդի գիտելիք եւ տեխնոլոգիաներ տրամադրելը: Ուրախ ենք ձեռք բերել նոր գործընկեր, ում շնորհիվ այս դպրոցի արմաթցիները կաշխատեն բարձրակարգ եւ պրոֆեսիոնալ եռաչափ տպիչի վրա՝ լուծելով արդի եւ բարդ խնդիրներ»,- նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը:
Թիվ 200 հիմնական դպրոցում «Արմաթ» լաբորատորիան ստեղծվել է դպրոցի կողմից՝ սեփական ֆինանսական միջոցներով: