17:26 | 18.04.19 | Նորություններ | 8990

Beeline-ը եւ Թումոն հայտարարել են համագործակցության մեկնարկի մասին

Հայաստանում Beeline-ը եւ Թումոն հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում կիրականացվեն մի շարք կրթական նախագծեր` տեխնոլոգիաների զանազան ոլորտներում, ինչպես մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը եւ այլն:

Դրանք կվարեն միջազգային մասնագետներ այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Airbnb-ն եւ Hulu-ն:

Նախագծի շրջանակներում Երեւան կհրավիրվեն ոլորտի խոշոր մասնագետներ միջազգային նշանավոր կազմակերպություններից: Նրանք Թումոյի ուսանողների հետ կանցկացնեն գործնական եւ ինտենսիվ դասընթացներ, որոնց ընթացքում կմշակվեն իրական տեխնոլոգիական նախագծեր։

Մասնագետների ցանկում են Ֆինլանդիայի Աալտոյի համալսարանի դասախոս ու ճարտարագիտության մագիստրոս Լուկա Պիսկորեցը եւ նույն համալսարանի թվային դիզայնի լաբորատորիայի դիզայնի գծով հետազոտությունների դոկտորի թեկնածու ու ճարտարապետ Աշիշ Մոհիտեն, Hulu հեռուստատեսային ցանցի ծրագրավորող Մեսրոպ Կյուրկչյանը եւ Airbnb-ի ծրագրավորող Նիտարշան Ռաջկումարը եւ այլոք:

Կրթական նախագծերը կիրականացվեն 2019թ. մայիսից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում:

«Մենք կարեւորում են Beeline-ի ներդրումը` ուղղված Թումոյի կրթական ծրագրում տեխնոլոգիաների ոլորտի բացառիկ նախագծերի թվի ավելացմանը եւ նման հանրահայտ ընկերություններից մասնագետների ներգրավմանը: Այս համագործակցությունը մեր պատանիների համար եւս մի հնարավորություն է ստեղծում առաջատար մասնագետների հետ աշխատանքի արդյունքում ձեռք բերել պրակտիկ հմտություններ արդիական ոլորտներում եւ ավելի մրցունակ դառնալ մասնագիտական շուկայում», - ընդգծում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

«Ուրախ եմ այսօր հայտարարել Թումոյի հետ այս հրաշալի համագործակցության մեկնարկի մասին։ Թումոն հայտնի է տեխնոլոգիաների ոլորտում իր կրթական ծրագրերով ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում, եւ այդ ամենը շատ հոգեհարազատ է մեզ։ ՎԵՈՆ խումբն իր գործունեության բոլոր երկրներում իր առաքելությունն է համարում երիտասարդների համար հասանելի դարձնել լավ տեխնոլոգիական կրթությունը»,- նշել է Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ընդհանուր առմամբ Beeline-ի եւ Թումոյի այս համատեղ նախաձեռնության շնորհիվ իրականացվող հատուկ նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ: