14:17 | 18.04.19 | Նորություններ | 2973

Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված հաքաթոնն ընդունում է հայտեր

Մայիսի 18-ից 19-ը Վանաձորում կկայանա Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարներին նվիրված երկրորդ հաքաթոնը:

Այն կազմակերպում են Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ Լոռու մարզպետարանը՝ համագործակցելով ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի հետ:

Դիմում հայտերը հասանելի են այստեղ:

Ամբողջ Հայաստանից կընտրվի 30 թիմ, որոնք 24 ժամ կաշխատեն իրենց գաղափարների նախատիպերի վրա եւ կներկայացնեն իրենց լուծումները ժյուրիին:



Հաղթողների համար սահմանվում են 2.000.000 ՀՀ դրամ, 1.200.000 ՀՀ դրամ եւ 750.000 ՀՀ դրամ մրցանակներ: 1մլն ՀՀ դրամ մրցանակ կտրվի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ լավագույն տեխնոլոգիական լուծման համար։ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը կֆինանսավորի մեկ ծրագրի իրականացում, եթե այն համապատասխանի իր չափանիշներին՝ լինի նորարական, կայուն եւ իրագործելի։

Միջոցառման նպատակն է զարգացնել զբոսաշրջությունը հյուսիսային շրջաններում, առավելապես խթանելով թվային եւ տեխնոլոգիական նորարարությունները: Ժյուրիի կողմից կխրախուսվեն հետեւյալ ոլորտներին վերաբերվող նորարար գաղափարները՝

- Հայաստանում տուրիզմի մասին իրազեկման տեխնոլոգիական լուծումներ,
- Տեղեկատվության որոնման բարելավում,
- Տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիական լուծումների մշակում՝ ուղղված զբոսաշրջության ոլորտի զարգացմանը:

Մրցույթի իրականացմանն աջակցում է ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: