12:09 | 12.04.19 | Նորություններ | 12833
Ռուսաստանյան Центр Речевых Технологий (ЦРТ, «Խոսքային տեխնոլոգիաների կենտրոն») ընկերությունների խումբը «Նիկիտա Մոբայլ» ընկերությունում կազմակերպված նկարագիր շնորհանդեսի ընթացքում Հայաստանի մի շարք բանկերի ներկայացրել է ձայնի եւ դեմքի միջոցով մարդուն ճանաչելու համակարգը:
«Նիկիտա Մոբայլ»-ում նշել են, որ ձայնի միջոցով մարդու ճանաչման ծառայությունը թույլ է տալիս պահպանել հաճախորդների սպասարկման բարձր որակը, ինչպես նաեւ խուսափել խաբեություններից. ոչ ոք չի կարող մեկ այլ անձի անունից ներկայանալ եւ անձի բանկային տվյալների մասին տեղեկատվություն ձեռք բերել: Իսկ դեմքի ճանաչման համակարգը թույլ է տալիս ճանաչել նույնիսկ քողարկված արտաքինով անձանց:
Նկարագիր շնորհանդեսն անցկացվել է «Նիկիտա Մոբայլ» եւ «Ինկրիպտ» ընկերությունների աջակցությամբ:
ЦРТ-ն տեղեկատվական եւ ինովացիոն համակարգեր մշակող ընկերություն է դեմքի եւ ձայնի կենսաչափության ոլորտում: Ֆինանսական կազմակերպությունները, տեղեկատվական կենտրոնները, հեռուստահաղորդակցական ընկերությունները, արտադրական ձեռնարկություններն օգտագործում են ЦРТ-ի ծառայությունները բիզնես գործընթացների օպտիմալացման, հաճախորդների սպասարկման ավտոմատացման, անվտանգության մակարդակի բարձրացման եւ վերլուծական տեղեկատվության ապահովման համար:
Նկարագիր շնորհանդեսին աջակցող «Ինկրիպտ» ընկերությունը համակարգային ինտեգրատոր է, որն իր ներդրումն է կատարում Հայաստանի տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման համար:
««Ինկրիպտ»-ի աշխատակազմը շատ հպարտ է նրանով, որ այսօր իր ներդրումն է կատարում երկրի արդիականացման, ժամանակակից տեխնոլոգիաների եւ լուծումների առաջարկման մեջ»,- ասված է հաղորդագրությունում:
Նկարագիր շնորհանդեսի անցկացմանը աջակցող մյուս ընկերությունը՝ «Նիկիտա Մոբայլը», մատուցում է բջջային մարքեթինգի, զանգերի կենտրոնի եւ էլեկտրոնային կոմերցիայի ծառայություններ: