17:36 | 05.04.19 | Նորություններ | 2412

ԱՏՁՄ-ն դեմ է արտերկրի ընկերություններին արտոնությունների տրամադրմանը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԱՏՁՄ) այսօր անհամաձայնություն է հայտնել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին:

Հայտարարությունը տարածվել է այսօր՝ ԱՏՁՄ 19-րդ տարեկան համաժողովի շրջանակում:

ԱՏՁՄ-ում ահազանգել են, որ նախագծում տեղ են գտել դրույթներ, որոնց կիրառումը կխոչընդոտի եւ կսահմանափակի տեղական տեղեկատվական, հեռահաղորդակցական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների բնականոն զարգանալու իրավունքները:

«Գործող օրենսդրությունը պետք է կոչված լինի զարգացնելու տեղական ՏՀՏ եւ ԲՏ ոլորտը: Արտոնություններ տրամադրելով օտարերկրյա ընկերություններին՝ խիստ անբարենպաստ պայմաններ ենք ստեղծում տեղական ընկերությունների համար, քանի որ օտարերկրյա ընկերությունները ոչ միայն առավելություն կունենան հայկական ընկերությունների նկատմամբ, այլեւ իրենց մոտ կարող են կենտրոնացնել որակյալ տեղական աշխատուժը՝ դրանով իսկ խոչընդոտելով տեղական ՏՏ եւ ԲՏ ոլորտի զարգացումը»,- ասված է հայտարարությունում:

ԱՏՁՄ-ն կոչ է արել ՀՀ Ազգային Ժողովին դեմ քվեարկել վերը նշված օրենքի նախագծին եւ հետ ուղարկել ՀՀ Կառավարություն լրամշակման՝ առաջարկելով առանձնացնել ՀՀ ՏՏ եւ ԲՏ նորաստեղծ ընկերություններին պետական աջակցության մասին օրենքը միջազգային կազմակերպություններին ներգրավելու նպատակով մշակվող օրենքի դրույթներից:

«Առաջարկում ենք նմանատիպ օրենսդրական նախաձեռնությունները քննարկել ոլորտի մասնագետների հետ՝ հնարավոր ռիսկերը հաշվի առնելու եւ արդյունավետության մակարդակը բարձրացնելու համար։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում հանդիպման հնարավորության դեպքում ներկայացնել մեր դիրքորոշումն ու առաջարկները»,- նշել են ԱՏՁՄ-ում:

Համաժողովի ավարտին ԱՏՁՄ անդամ կազմակերպությունների ղեկավարների քվեարկությամբ կընտրվեն վարչության նոր անդամներն ու նախագահը:

ԱՏՁՄ-ն Հայաստանում գործող բիզնես ասոցիացիա է, որն այս պահին միավորում է թվով 86 ՏՏ եւ առաջատար տեխնոլոգիաների ընկերություններ, միջազգային կորպորացիաներ ու հաստատություններ: