11:44 | 03.04.19 | Նորություններ | 4809

Երեւանում քննարկվել են տեխնո ոլորտում հայ-ճապոնական համագործակցության ուղիները

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ապրիլի 2-ին ընդունել է «Միցուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանին։

Նախարարն անդրադարձել է Հայաստանի թվային օրակարգի ձեւավորմանն ուղղված աշխատանքներին, «Ազգային վենչուրային հիմնադրամ» ստեղծելու ծրագրին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը միտված քայլերին։

Նա ընդգծել է ոլորտի հայ մասնագետների մեծ ներուժը, Հայաստանի տեխնիկական բուհերի բարձր որակի կրթությունը, միեւնույն ժամանակ այն նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ կա հիմք, պատմություն, եւ անհրաժեշտ է շարունակաբար զարգացնել կրթությունը եւ գիտությունը:

Քրիստինա Ահմաջյանը նախարարին է ներկայացրել «Միցուբիշի Հեվի Ինդասթրիս» եւ մի շարք այլ ընկերությունների գործունեությունը, որոնց խորհրդի անդամ է, եւ պատրաստակամություն հայտնել ջանքեր ներդնել տեխնոլոգիական ոլորտում համագործակցության շրջանակներ ստեղծելու ուղղությամբ։

Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաեւ հոկտեմբերին Երեւանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին, կարեւորել միջոցառմանը ճապոնական ընկերությունների մասնակցությունը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ բանակցել ճապոնական ընկերությունների ղեկավարների հետ՝ ապահովելու նրանց մասնակցությունը համաշխարհային կոնգրեսին: