11:07 | 03.04.19 | Նորություններ | 9002
Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի եւ Հայաստանում Beeline համագործակցության շրջանակում շուրջ 30 ԵՊՀ ուսանողներ եւ շրջանավարտներ այցելել են ընկերության վարչական գրասենյակ եւ հանդիպել Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ։
Այցի նպատակն է ԵՊՀ ուսանողներին եւ շրջանավարտներին հնարավորություն տալ կապեր հաստատելու երկրի խոշորագույն ընկերություններից մեկի հետ եւ ծանոթանալու միջազգային ընկերությունում աշխատանքի առանձնահատկություններին։
Հատուկ երիտասարդների համար Beeline-ի ղեկավարը պատրաստել էր դասախոսություն, որի ընթացքում խոսել է ղեկավարի հետ հաջող հաղորդակցություն հաստատելու եւ նրա որոշումների վրա ազդեցություն ունենալու ուղիների մասին։
«Հիանալի է, որ հայ երիտասարդներն արդեն ուսանողական տարիներից հետաքրքրվում են աշխատաշուկայով եւ ձգտում են բիզնես կապեր հաստատել, քանի որ նախաձեռնողականությունն ու ակտիվությունը միշտ էլ բարձր են գնահատվում բիզնես աշխարհում։ Դա նաեւ վերաբերում է սեփական ղեկավարության հետ հարաբերություններին՝ կարեւոր է միշտ գտնել հաղորդակցվելու ճիշտ ուղիներ եւ հնարավորություններ հաջող թիմային աշխատանքի համար», - նշել է Անդրեյ Պյատախինը։
Հանդիպումից հետո ուսանողներն այցելել են Beeline-ի կապի թանգարան, որտեղ ներկայացված են Հայաստանում հեռահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման պատմությանը եւ կապի ժամանակակից տեխնոլոգիաները։
ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի կողմից նմանատիպ միջոցառումները նպաստում են համալսարանի եւ առաջատար ձեռնարկությունների ու գործատուների փոխգործակցությանը, աշխատաշուկայում համալսարանականների մրցունակության բարձրացմանը, շրջանավարտների եւ համալսարանի միջեւ մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության աճին: