11:22 | 27.03.19 | Նորություններ | 8886

ՊԵԿ-ը ներդրել է մեծ ծավալի տվյալների անալիտիկ հաշվետվությունների համակարգ

Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է մեծ ծավալի տվյալների (Big Data) վերլուծության հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգ:

Նոր գործիքակազմը հնարավորություն է տալիս ռիսկերի վերլուծության եւ կառավարման ընթացքում օգտագործել տարատեսակ կառուցվածքի շտեմարաններ՝ առանց ծավալի եւ ձեւաչափի սահմանափակումների, ինչպես նաեւ մաքսային եւ հարկային ոլորտների վերաբերյալ կատարել եւ ցուցադրել մեծածավալ վերլուծություններ եւ հաշվետվություններ՝ հաշված րոպեների ընթացքում:

Մասնագետների դիտարկմամբ՝ մեծ ծավալի տվյալների շտեմարանը բավական ճկուն գործիք է: Այն հնարավորություն է տալիս ավելի արագ եւ արդյունավետ ներկայացնել տնտեսվարողների վերաբերյալ տեղեկատվական բազայի տվյալները, մակրո եւ միկրո հարթություններում իրականացնել տնտեսական վերլուծություններ, տարբեր հարկատեսակների վերաբերյալ կազմել հաշվետվություններ:

«Ժամանակակից տեխնոլոգիական լուծումների եւ ռիսկերի կառավարման նորարարական մոտեցումներով ձեւավորված գործիքակազմը հնարավորություն է տվել թիրախավորել առավել ռիսկային գործոնները՝ նպաստելով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների ֆիզիկական զննման դեպքերի քանակի եւ տեսակարար կշռի նվազեցմանը: Այսպես, եթե 2018թ. 3-րդ եռամսյակում զննման դեպքերի քանակը կազմել է 5975, ապա 4-րդ եռամսյակում՝ 4848: Իսկ տեսակարար կշիռն ընդհանուր դեպքերի մեջ 12.8 տոկոսից դարձել է 7.5 տոկոս: Ի դեպ, տեղեկատվությունը եռամսյա պարբերությամբ թարմացվում եւ տեղարդվում է ՊԵԿ պաշտոնական կայքէջում»,- նշել են ՊԵԿ-ում:

Մեծ ծավալի տվյալների անալիտիկ հաշվետվությունների համակարգի կատարելագործմամբ ՊԵԿ-ը նախատեսում է առաջիկայում ներդնել «խելացի» ռիսկերի կառավարման համակարգ՝ արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման մոտեցումների կիրառմամբ: