12:18 | 25.03.19 | Նորություններ | 5355

Երեւանն ու Թայբեյը համատեղ խելացի ագրոլուծումներ կմշակեն

Թայբեյի առաջատար հետազոտական կենտրոններից մեկի՝ National Chiao Tung համալսարանի պատվիրակությունն այս օրերին Երեւանում ծանոթանում է հայաստանյան գյուղատնտեսության ներուժին, քննարկելով խելացի գյուղատնտեսության տեխնոլոգիաների համատեղ մշակման ծրագրեր։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանի հրավերով Հայաստան ժամանած պատվիրականության կազմում են խելացի գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացած պրոֆեսորներ ու հետազոտողներ։

Վերջիններս հանդիպել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ղեկավար կազմի հետ եւ քննարկել թայվանցի գիտնականների մշակած տեխնոլոգիաները համատեղ զարգացնելու եւ գյուղատնտեսությունում կիրառելու ծրագրեր։

«Թայբեյը նույնպես սահմանափակ հողատարածքներ ունի, հետեւաբար նույնպես միավոր հողատարածքից ստացվող բերքատվության որակի ու ծավալի բարձրացման խնդիր ունի։ Մեր մասնագետներին ներկայացված նոր տեխնոլոգիան զարգացնելու նպատակով համատեղ ներդրումային ծրագրի շուրջ քննարկում է սկսվել, որը հաջող իրականացման դեպքում ոչ միայն երկու երկրների գյուղատնտեսության զարգացմանը կնպաստի, այլ նաեւ աշխարհին կարող է ներկայացնել խելացի գյուղատնտեսության նոր տեխնոլոգիա»,- նշել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։

«Այս հանդիպումը համահունչ է համալսարանի զարգացման տեսլականին, որի միջնաժամկետ ռազմավարության առանցքային դրույթ է համալսարանի վերակազմավորումը «ագրարայինից» «ագրոտեխնոլոգիականի»։ Սրա հիմքում նաեւ գիտաուսումնական կառույցների եւ նորարարական լաբորատորիաների ստեղծումն է։

Մենք համոզված ենք, որ գյուղատնտեսության զարգացման, մրցունակության եւ արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է ավանդականից անցում կատարել դեպի նորարարական տեխնոլոգիաներ։ Այս աշխատանքներում առանցքային նշանակություն ունեն կրթական եւ գիտական կառույցները, ուստի աշխարհում առաջատարի համբավ ունեցող գիտնականների հետ հանդիպելու այս առիթը լավագույն փորձը Հայաստանում հասանելի դարձնելու հնարավորություն է»,- նշել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը։