16:18 | 22.03.19 | Նորություններ | 9989

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Ոսկեվանի մանկապարտեզում գործարկվել է արեւային ջրատաքացուցիչ համակարգ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ջանքերով (FPWC), Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի մանկապարտեզում շահագործման է հանձնվել արեւային ջրատաքացուցիչ համակարգը:

13,8 ԿՎտ/ժ հզորությամբ գործող արեւային ջրատաքացուցիչ համակարգը թույլ կտա ջերմություն ապահովել շենքի ամբողջ տարածքում, ընդ որում՝ զգալիորեն տնտեսված միջոցներով: Ջեռուցման ծախսը կկրճատվի առնվազն 40%-ով: Տեղադրվել է նաեւ 300լ տարողությամբ ջերմափոխանակիչ բաք. մանկապարտեզում օգտագործվող տաք ջուրն այսուհետեւ հնարավոր կլինի ստանալ առանց հավելյալ ծախսերի:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Ոսկեվանի վարչական տարածքի ղեկավար Վլադիմիր Ղազինյանն ու մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նոնա Մուրադյանը:

«Մենք ապրում ենք մի երկրում, որի հանդեպ բնությունն առատաձեռն է գտնվել: Մեզ բաժին հասած արեւը հարկավոր է օգտագործել: Նոր տեխնոլոգիաների կիրառումը դա թույլ է տալիս: Այդ լուծումը բխում է նաեւ մեր երկրի շահերից: Տարիներ շարունակ իրականացված ծրագրերի արդյունքում եկել ենք այն համոզմանը, որ արեւային էներգիայի կիրառումն արդյունավետ է եւ՛ բնապահպանական եւ՛ տնտեսական առումով: Կարող եմ արձանագրել, որ գործընկեր կառույցի հետ արդեն հերթական դարձած ձեռքբերում ունենք եւս մեկ սահմանապահ գյուղում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ծրագրի բնապահպանական եւ տնտեսական արդյունավետությունը հաշվի առնելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են աջակցել հատկապես սահմանապահ գյուղերին: