13:19 | 21.03.19 | Նորություններ | 2466
Տեղային կիբեռսպառնալիքների բախված Հայաստանի կորպորատիվ օգտատերերի բաժինը 2018թ. աճել է՝ կազմելով 32,39%: 2017թ. այդ ցուցանիշը կազմել է 26,37%:
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի հրապարակած տվյալների համաձայն, Ադրբեջանում այդ ցուցանիշը նույնպես աճել է 30,33%-ից մինչեւ 33,22%, իսկ Վրաստանում գրանցվել է նվազում՝ 2017թ. 28,33%-ից մինչեւ 2018թ. 22,90%։
Մասնագետները նշում են, որ տեղային սպառնալիքների թվում ամենավտանգավորը տեղեկատվության հանովի կրիչներն են (USB-ֆլեշներ, ֆոտոխցիկների եւ հեռախոսների հիշողության քարտեր, արտաքին կոշտ սկավառակները)։
Չարագործները դրանց մեջ գրանցում են վնասաբեր ծրագրեր եւ թողնում ընկերությունների կամ դրանց հարակից տարածքներում։ «Գտած» հանովի կրիչը վերցնելով, անփույթ աշխատակիցները դրանք միացնում են աշխատավայրի իրենց համակարգիչներին եւ վարակում դրանք, իսկ այնուհետեւ վնասաբեր օբյեկտները կարող են տարածվել ընկերության ամբողջ ցանցով՝ դառնալով լրտեսության, ֆինանսական միջոցների եւ արժեքավոր տեղեկատվության գողության պատճառ։
«Այդ իսկ պատճառով ընկերությունների տեղեկատվական անվտանգության մասնագետները պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվեն սարքերի ֆիզիկական անվտանգությանը եւ պատշաճ վերահսկողություն սահմանեն միացվող սարքերի նկատմամբ։ Այդ անելու համար նրանց կօգնեն ցանցին միացման հսկողության համակարգ եւ սարքերի հսկողության գործառույթ ունեցող պաշտպանական լուծումները, որոնք կան բիզնեսի համար հակավիրուսային ծրագրերում»,- նշել են «Կասպերսկի Լաբորատորիա»-ում: