10:49 | 15.03.19 | Նորություններ | 5739

Վարչապետ. ՀՀ կառավարությունը շահագրգռված է համագործակցել Index Ventures-ի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին ընդունել է Index Ventures վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչներին:

Հիմնադիր Նինա Աչաջյանը, Մայք Վոլպին եւ Դոմինիկ Վիդալը, որոնք մինչ նշված հիմնադրամում ներգրավվելը՝ գործունեություն են ծավալել Cisco, Amazon, Yahoo եւ այլ հայտնի ընկերություններում, վարչապետին են ներկայացրել Index Ventures-ի գործունեությունն ու Հայաստանի ստարտափներում ներդրումային նախագծեր իրականացնելու ուղղությամբ իրենց ծրագրերը:

Նրանք նշել են, որ բարձր են գնահատում Հայաստանում ՏՏ ոլորտում տեղի ունեցող դրական զարգացումներն ու շահագրգռված են համագործակցության զարգացմամբ ու ընդլայնմամբ:

Բացի տեխնոլոգիական եւ ինժեներական տարբեր ծրագրերի իրականացումից՝ Index Ventures-ի թիմը պատրաստվում է հայկական նորաստեղծ ընկերություններին ներկայացնել Սիլիկոնյան հովտում ներդրումներ ստանալու տարբերակները, տեխնոլոգիական ոլորտի միտումները:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգռված է համագործակցել Index Ventures-ի հետ եւ քննարկել ներդրումային ծրագրերի կյանքի կոչմանն ուղղված առաջարկները: Վարչապետը նշել է, որ կառավարությունը հետեւողական քայլեր է իրականացնում նաեւ բիզնես միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ: