14:20 | 14.03.19 | Նորություններ | 3384

5G-ն կգործարկվի ամերիկյան երկու քաղաքներում

Մոբայլ կապի ամերիկյան օպերատոր Verizon-ը հայտարարել է ԱՄՆ-ում 5G ցանցի առաջին հանրային գործարկման մասին:

The Verge-ի տեղեկություններով, նոր ծառայությունը կսկսի տրամադրվել ապրիլի 11-ից:

Ներկայում 5G ցանցին կկարողանան միանալ միայն Չիկագո եւ Մինեապոլիս քաղաքների բնակիչները, սակայն 5G-ն հասանելի կլինի այդ քաղաքների միայն որոշ հատվածներում:



Բացի այդ, 5G-ից օգտվել ցանկացող բաժանորդները պետք է վճարեն իրենց անսահմանափակ պլանի արժեքից ամսական $10 ավել:

Եւս մեկ նախապայման՝ Verizon-ի նոր ծառայությունից կարելի է օգտվել միայն Motorola Moto Z3 սմարթֆոնի միջոցով: Դրան անպայման պետք է կցված լինի 5G Moto Mod մոդուլը, որն իր քաշով ու ծավալով կրկնակի ծանր եւ հաստ է դարձնում սմարթֆոնը:

Verizon-ում խոստացել են, որ այս տարվա ընթացքում ցանցին կավելանան սմարթֆոնների այլ մոդելներ եւս, այդ թվում՝ Samsung Galaxy S10 5G-ն եւ LG V50 ThinQ-ը:

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարել էր, որ ընկերության զարգացման ռազմավարության համաձայն՝ 2020թ. նախատեսվում է Հայաստանում 5G ցանցի գործարկում:

2020թ. 5G-ն կգործարկվի նաեւ Ռուսաստանի մի շարք շրջաններում: 2021-2022թթ. նախատեսվում է արդյունաբերական ոլորտում LTE մասնավոր ցանցերի տեղակայումը՝ «խելացի արտադրության» տեխնոլոգիաների ներդրման նպատակով:

5G ցանցը փոխարինելու է ներկայում աշխարհում գործող 4G ցանցին: 5G ապահովում է անհամեմատ մեծ արագություն (1-2ԳԲ/վ), տվյալների փոխանցման ավելի բարձր որակ՝ միաժամանակ սպառելով ավելի քիչ էներգիա: