15:52 | 13.03.19 | Նորություններ | 10010

«Ռոստելեկոմ»-ն իրականացնում է «Азбука Интернета» նախագծի նոր փուլը

«Ռոստելեկոմ»-ը, համագործակցելով «Այբ» դպրոցի եւ «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ, փետրվարից մեկնարկել է «Азбука Интернета» նախագծի նոր փուլը։

Նախագիծն իրենից ներկայացնում է միջին տարիքի (50+) եւ տարեց բնակչության շրջանում համակարգչային դասընթացների շարք, որը մշակված է նրանց համար եւ ընդգրկում է համակարգչային գրագիտության կարեւորագույն բաժինները՝ սարքավորումների կառուցվածքից մինչեւ առցանց ռեսուրսների կիրառում։

Ծրագրի նոր փուլն իրականացվում է հայաստանյան «Ռոստելեկոմ»-ի նախաձեռնությամբ։ Դասերն անց են կացվում գործընկեր «Այբ» դպրոցի աշակերտների կողմից կամավորության սկզբունքով «Վիքիմեդիա Հայաստան»-ի՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած գրասենյակում։

Փետրվարին անցկացվեց դասընթացների մեկնարկին նվիրված հանդիպում-միջոցառումը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան դասընթացավարների հետ, տեղեկացան մանրամասներին։

«Հատուկ կարեւորում ենք այս նախագիծը առաջին հերթին այն պատճառով, որ այն հնարավորություն է ընձեռում 50+ տարիքի մեր բնակչությանը առավել մոտ գտնվելու ժամանակակից տեխնոլոգիաներին, առցանց ռեսուրսներին,առավել անկաշկանդ օգտվելու համակարգիչներից, կատարելու առցանց գնումներ եւ վճարումներ, ինչու չէ՝ նաեւ հաղորդակցվելու նոր տեխնոլոգիաների հետ երիտասարդների միջոցով։ Նախագիծը յուրահատուկ մեթոդոլոգիայի շնորհիվ տարբեր սերունդների միջեւ հաղորդակցության ու կենսափորձի փոխանակման հնարավորություն է, ինչը, կարծում եմ՝դասընթացների կարեւորագույն ձեռքբերումներից մեկն է»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Արդեն իսկ 51-74 տարեկան մասնակիցների երկու խումբ հաճախում են դասընթացների, որոնք կավարտվեն ապրիլին հավաստագրերի շնորհման արարողությամբ։

«Азбука Интернета» դասընթացներն անց են կացվում հայերեն լեզվով՝ հայաստանյան լսարանի համար հատուկ մշակում անցած ձեռնարկի օգնությամբ, որի էլեկտրոնային տարբերակն առկա է նաեւ նախագծի կայքում՝ www.azbukainterneta.ru:

«Համացանցը միավորում է բոլորիս, եւ կարեւոր է, որ այդ միավորումը հավասար հասանելի լինի բոլորին՝ անկախ տարիքից։ Այս նախագծի շնորհիվ մենք եւս մեկ քայլ ենք անում դեպի այդ միավորումը։ Մեծապես կարեւորում ենք նաեւ մեր աշակերտների՝ որպես կամավորների ներգրավումը, քանի որ այն եւս լրացուցիչ խթան է սերունդների շփման ու համագործակցության համար»,- նշել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։

Հավաստագրեր կշնորհվեն նաեւ «Այբ» դպրոցի աշակերտներին, ովքեր փորձ ու հմտություններ են ձեռք բերում նախագծի շրջանակում դասավանդելով։

«Մենք, «Վիքիմեդիա Հայաստան»-ում, անչափ կարեւում ենք կրթությունը եւ համարում, որ երբեք ուշ չէ նոր բան սովորել, նոր հմտություններ յուրացնել։ Անչափ ուրախ ենք այս նախաձեռնության մի մասը լինել եւ օգնել այն ռեսուրսներով, որ անհրաժեշտ են համակարգչային հմտություններ ձեռք բերելու համար։ Երբ մասնակիցները բավարար հմտանան, կծանոթացնենք Վիքիմեդիա նախագծերին, կսովորեցնենք օգտվել Հայերեն Վիքիպեդիայից, ինչպես նաեւ իրենց ներդրումն ունենալ հայալեզու ամենամեծ հանրագիտարանում»,- նշել է «Վիքիմեդիա Հայաստան»-ի գործադիր տնօրեն Գայանե Վարդանյանը։

Հայաստանում «Азбука Интернета» նախագիծն իրականացվում է 2015թ.-ից։ Այս ընթացքում դասընթացների շնորհիվ ավելի քան 250 մասնակիցներ Երեւանից եւ մարզերից ձեռք են բերել համակարգչային հմտություններ եւ ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները։