12:23 | 07.03.19 | Նորություններ | 2464
Հայաստանի մոբայլ օգտատերերի 0,51%-ը 2018թ. բախվել է բանկային տրոյական ծրագրերի գրոհների՝ այն դեպքում, երբ 2017թ. նրանց բաժինը կազմել է միայն 0,12%։
Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հրապարակած տվյալները:
Ադրբեջանում 2018թ. նման գրոհների ենթարկվել է մոբայլ օգտատերերի 0,43%-ը՝ 2017թ. 0,14%-ի փոխարեն, իսկ Վրաստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 42% եւ 0,05%։
«Մոբայլ բանկային տրոյացիները գողանում են բանկային քարտերի եւ հավելվածների տվյալները։ Դրանցից շատերը կարողանում են բանկային հավելվածի ինտերֆեյսի (միջերես) վրայից ցույց տալ իրենց ինտերֆեյսն այնպես, որ օգտատիրոջը թվում է, թե ինքը տվյալները մուտքագրում է բանկային հավելված, իսկ իրականում դրանք տալիս է տրոյացուն, որի տերերը գողացած տվյալները կօգտագործեն օգտատիրոջ հաշվից գումար դուրս բերելու համար»,- նշել են ընկերությունում:
Մոբայլ բանկային տրոյացիները նաեւ հաճախ ստանում են բանկերի հաստատման ծածկագիր կամ միջոցների դուրս գրման տեղեկատվություն պարունակող SMS-ները։ Որոշ վնասաբեր ծրագրեր էլ ստեղծում են այն հավելվածների պատուհանները, որոնք կարող են պահանջել օգտատիրոջ բանկային քարտի տվյալները, այդ թվում՝ քարտի դարձերեսին գտնվող CVV-ծածկագիրը։ Այնուհետեւ ծրագիրը տիրանում է բանկի SMS-ին եւ ուղարկում իր տերերին, որպեսզի նրանք կարողանան զոհ դարձած օգտատիրոջ անունից գործարքներ կատարել իրենց սարքից։
Ընկերության փորձագետները խորհուրդ են տալիս հավելվածներ ներբեռնել միայն պաշտոնական այնպիսի խանութներից, ինչպիսին Google Play-ն է:
«Խորհուրդ է տրվում սարքի կարգավորումներում ընդհանրապես արգելել կողմնակի աղբյուրներից ծրագրային ապահովման տեղադրումը։ Հարկ է նաեւ չմոռանալ համակարգի եւ հավելվածների թարմացումների տեղադրման մասին. դրանցով մշակողները վերացնում են խոցելիությունները, որոնցից կարող են օգտվել հանցագործները։
Նաեւ անհրաժեշտ է լավ մտածել մինչեւ նամակի կամ SMS-ի ինչ-որ կասկածելի հղումով անցնելը, եւ պետք է հավելվածներին տրամադրել միայն այն թույլտվությունները, որոնք իսկապես անհրաժեշտ են դրանց աշխատանքի համար։ Հարկ է մոբայլ սարքում կիրառել հուսալի հակավիրուս եւ կանոնավոր կերպով ստուգել համակարգը. այն կհայտնաբերի եւ կվնասազերծի կասկածելի օբյեկտները, ինչպես նաեւ չի թողնի, որ օգտատերը մտնի վնասաբեր կայքեր»: