11:52 | 28.02.19 | Նորություններ | 2882
Հայաստանի կորպորատիվ օգտատերերի 18,38%-ը 2018թ. ենթարկվել է համացանցից գրոհի` 2017թ. 17,80%-ի փոխարեն։
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալների համաձայն, Ադրբեջանում նույնպես գրանցվել է նման գրոհների ենթարկված կորպորատիվ օգտատերերի բաժնի աճ՝ 16,79%-ից մինչեւ 18,15% (2018թ.), իսկ Վրաստանում այդ ցուցանիշը նվազել է 18,58%-ից մինչեւ 15,35%։
Ընկերության փորձագետների խոսքով, վեբ-գրոհները կորպորատիվ օգտատերերի համար վտանգավոր են նրանով, որ իր համակարգիչը համացանցից վարակած մեկ աշխատակցի անփութության պատճառով վնասաբեր օբյեկտը կարող է տարածվել ընկերության ամբողջ ցանցով։
«Չարագործները նման կերպ կարող են գողանալ ոչ միայն դրամական միջոցներ, այլեւ արժեքավոր տեղեկատվություն եւ փաստաթղթեր, կանգնեցնել բիզնես-գործընթացները, ինչը նաեւ հղի է ընկերության հեղինակության կորստով»,- զգուշացրել են «Կասպերսկի Լաբորատորիա»-ում:
Փորձագետները համացանցից գրոհներից պաշտպանվելու եւ վերոնշյալ հետեւանքները կանխարգելելու նպատակով կորպորատիվ օգտատերերին խորհուրդ են տալիս ընկերության ցանցի բոլոր համակարգիչներում եւ այլ սարքերում տեղադրել հուսալի հակավիրուսներ, աշխատակիցներին մշտապես սովորեցնել տեղեկատվական անվտանգության կանոնները եւ անհրաժեշտության դեպքում սահմանափակել համացանցից օգտվելու նրանց հնարավորությունները: