10:55 | 28.02.19 | Նորություններ | 9095
Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) խորհրդի անդամ, Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների միության նախագահ, WCIT 2019՝ ՏՏ համաշխարհային համաժողովի նախագահ Ալեքսանդր Եսայանը համաժողովին մասնակցության նախապես արված հրավերը վերահաստատել Իրանի հաղորդակցության եւ տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիի հետ հանդիպմանը։
Ալեքսանդր Եսայանը Իրանում է գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի շրջանակում։ Ինչպես հաղորդվել է նախապես, ՏՏ համաշխարհային համաժողովն այս տարի տեղի է ունենալու Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Իրանցի պաշտոնյան շնորհակալություն է հայտնել հրավերի համար, հայտնելով մասնակցության մտադրության մասին։
Նույն այցի շրջանակում ստորագրվել է տարածաշրջանային համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Համաձայն փաստաթղթի, Հայաստանի, Իրանի եւ Քաթարի հեռահաղորդակցության խոշորագույն ընկերությունները կհամագործակցեն՝ ստեղծելով ինտերնետի տարանցիկ կապուղի՝ տարածաշրջանի երկրների համար։ Փաստաթուղթը հայկական կողմից ստորագրել է UCOM ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը, Իրանի կողմից՝ Իրանի հաղորդակցության եւ ՏՏ փոխնախարար, Իրանի հեռահաղորդակցությաaն ընկերության գործադիր տնօրեն Մաջիդ Սադրին եւ Քաթարի կողմից՝ Ծոցի երկրներում խոշորագույն մալուխային ցանցը տնօրինող «Գալֆ Բրիջ Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Աբդուլա Ալ-Ռվաիլին։
«Այս ծրագրով Ծոցի եւ Ասիայի երկրները Եվրոպային միացնելու ինտերնետի հասանելիության տարանցիկ կապուղի է ստեղծվելու։ Միանալով նման հավակնոտ նախագծի, փաստորեն, Հայաստանն ընդգծում է տարածաշրջանում ՏՏ առաջատարի իր դիրքը։ Նոր կապուղին այլընտրանք է դառնալու այսօր գործող՝ ծովային ճանապարհով անցնողին, որը փաստորեն, անցնելու է Հայաստանով՝ շրջանցելով Ադրբեջանն ու Թուրքիան։ Նախագծում ընդգրկվելու համար, ի դեպ, թեժ պայքարում էին Թուրքիան ու Ադրբեջանը։ Սա ոչ միայն գործարար, այլ նաեւ ռազմավարական նշանակության ծրագիր է, որը կապված է հեռահաղորդակցության անվտանգության հետ»,- նշել է UCOM ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։