15:43 | 26.02.19 | Նորություններ | 9110
Ucom ընկերությունն իր uPay նախագծի շրջանակում վճարահաշվարկային կազմակերպություն է հիմնել, որը ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ստացել է վճարահաշվարկային կազմակերպության դրամական փոխանցումներ իրականացնելու լիցենզիա։
Նորաստեղծ «ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ գործունեության նպատակն է հաճախորդներին մասնագիտացված ֆինանսական ծառայությունների մատուցումը։
«Առաջնային քայլերից է լինելու uPay մասնաճյուղերի վերաբացումը, արդեն uPay ընկերության լիցենզիայի ներքո եւ տվյալ մասնաճյուղերում ծառայությունների ցանկի ընդլայնումը, իսկ մասնավորապես՝ տեղական եւ միջազգային դրամական փոխանցումների համակարգերի սպասարկումը: Նշեմ, որ ներկայումս uPay մասնաճյուղերը գործում են Ucom-ի եւ այլ վճարահաշվարկային կազմակերպության համագործակցության շրջանակում»,- նշել է նորաստեղծ uPay ընկերության գործադիր տնօրեն Ռուբեն Սաղոյանը։
2019թ. երկրորդ կեսին uPay ընկերությունը պլանավորում է ներկայանալ uPay մոբայլ հավելվածի թարմացված, օգտատերերի համար առավել հարմար ու արդիականացված տարբերակով։
Հիշեցնենք, որ Ucom-ը ներկայացրել է uPay վիրտուալ դրամապանակը 2016թ.։ Այն օգտագործողին հնարավորություն է ընձեռում վճարումներ կատարել ոչ միայն Ucom-ի ֆիքսված եւ շարժական ծառայությունների համար, այլեւ իրականացնել կոմունալ վճարումներ, վարկերի մարումներ, հարկերի եւ տուրքերի, ճանապարհային ոստիկանության տուգանքների վճարումներ անմիջապես սմարթֆոնից, անկախ գտնվելու վայրից: