16:57 | 11.02.19 | Նորություններ | 2291
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն այսօր ամփոփել է «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակում դպրոցականների եւ երիտասարդների համար հայտարարված կիբեռանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթը:
«Անցած շաբաթ մեկնարկել է «Ապահով համացանց» միջոցառումների շարքը, որոնց նպատակն է դասախոսությունների միջոցով աշակերտներին սովորեցնել այն հմտությունները, որոնք թույլ կտան հրաժարվել եւ խուսափել անցանկալի բովանդակությունից եւ պաշտպանվել կիբեռհարձակումներից: Կարծում եմ, որ այս կանոններին պետք է հետեւել ողջ տարվա ընթացքում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մրցութային հանձնաժողովին, քանի որ իսկապես դժվար է եղել ստացված 170 հայտից ընտրել լավագույն 5 տեսանյութերը: Ուրախ ենք, որ հաղթողների շարքում տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչներ են՝ աշակերտներ, պատանիներ եւ երիտասարդներ»,- նշել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Միջոցառման ընթացքում լավագույն 5 տեսանյութերի հեղինակներին նախարար Արայիկ Հարությունյանը հանձնել է ԿԳՆ շնորհակալագրեր, ինչպես նաեւ մրցանակներ, որոնք տրամադրել էին UCOM ընկերությունը եւ STEM միությունը:
Տեսանյութի թեման պետք է կապ ունենար կիբերանվտանգության հետ՝ սոցիալական ցանցերում անձնական տվյալների պաշտպանությունից մինչեւ երեխաների դեմ կիբեռհալածանքների (cyber bullying) դեմ պայքար։ Մասնակիցների առավելագույն տարիքն էր՝ 25 տարեկան: Լավագույն տեսանյութերը կցուցադրվեն դպրոցներում, ինչպես նաեւ կտեղադրվեն ԿԳՆ կայքում եւ Ֆեյսբուքյան էջում:
Լավագույն տեսանյութերի հեղինակներն են՝
էլեն Մանգասարյան - ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի,
Մերի Խաչատրյան -ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի,
Շուշան Արեւշատյան - ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի,
Դավիթ Դավթյան - Մոսկվայի ազգային հետազոտական միջուկային համալսարանի (ՄԻՖԻ) ուսանող,
Հայկանուշ Հովհաննիսյան - CoderDojo նախագծի ծրագրի համակարգող:
Մրցութային հանձնաժողովի անդամ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ երեխաներն այսօր առավել անպաշտպան են, եւ մեծահասակները երբեմն չեն գիտակցում, որ նրանց պետք է պաշտպանել:
«Պետք է նշեմ, որ դպրոցներում եւ բուհերում վիդեոբլոգերներ են կայացել, որոնք շատ հետաքրքիր բովանդակություն են ստեղծում, եւ մեծահասակները հաճախ չեն իմանում, որ առանձին մշակութային շերտ է ձեւավորվել: Ընտրել լավագույններին իսկապես բարդ էր, սակայն ցանկանում եմ շեշտել մի քանի սկզբունք, որոնցով առաջնորդվել ենք: Նախ՝ մրցույթից դուրս ենք թողել բազմաթիվ տեսանյութեր, որոնց սյուժեները, կադրերը, նկարները հեղինակներինը չէին: Մեզ համար գերադասելի էին ինքնուրույն, ստեղծագործական տարրեր պարունակող տեսանյութերը, որոնք գուցե եւ չունեին որակյալ կադրեր եւ ձայն, սակայն ինքնատիպ էին եւ հետաքրքիր»,- ընդգծել է նա: