15:44 | 05.02.19 | Նորություններ | 3683

«Սեւան Ստարտափ Սամմիթ» 2019-ը կանցկացվի հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը

«Սեւան Ստարտափ Սամմիթ» 2019 վրանային բիզնես ֆորումը տեղի կունենա Սեւանա լճի ափին՝ հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը։

Դրան կմասնակցեն ավելի քան 1000 ձեռներեցներ ողջ աշխարհից։

7 օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցել դասախոսությունների եւ քննարկումների` բիզնես աշխարհի հաջողակների հետ։

Միջոցառմանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ:

Կազմակերպիչների խոսքով, 2019թ. եւս Հայաստան կհրավիրվեն հաջողակ ստարտափների հիմնադիրներ, որոնք իրենց փորձով կկիսվեն եւ կուղղորդեն նորարարներին։ Նախատեսվում է հյուրընկալել ավելի քան 100 բիզնես փորձագետների եւ մենթորների։

«Սեւան Ստարտափ Սամմիթ» 2019-ի մրցանակային ֆոնդը կգերազանցի $100 հազ., որը կբաշխվի հաղթող ստարտափների միջեւ։ Սամմիթին ներկա կլինեն ավելի քան 10 վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ եւ կներգրավվեն միջազգային աքսելերացիոն ծրագրերի ներկայացուցիչներ։

«Սամմիթն արդեն դարձել է ոչ միայն հայկական, այլեւ միջազգային ստարտափ էկոհամակարգի սպասվող միջոցառումներից։ Փորձում ենք ամեն տարի ներգրավել էլ ավելի ազդեցիկ ներդրումային ֆոնդեր եւ հաջողակ ձեռներեցների։ Ուրախ եմ տեղեկացնել, որ այս տարի մրցանակային ֆոնդից բացի կլինի նաեւ երաշխավորված 100,000 ԱՄՆ դոլար ներդրումային ֆոնդ «Սիսայդ Ստարտափ Հոլդինգս»-ի կողմից»,- նշել է «Սիսայդ Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը:

2016թ. մինչ օրս անցկացվող ամենամյա սամմիթին մասնակցել են ավելի քան 2000 գործարարներ եւ ստարտափների հիմնադիրներ։ 2018թ. միջոցառումն անցկացվել է 3 անգամ՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, Հնդկաստանում եւ Հայաստանում։