16:23 | 29.01.19 | Նորություններ | 2354

ՀՀ նախագահը խոսել է տարբեր ոլորտներում արհեստական բանականություն կիրառելու մասին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կոչ է արել մեծ ուշադրություն դարձնել 21-րդ դարի տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրերին:

Այս մասին նա ասել է Երեւանում՝ Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ հանդիպման ժամանակ:

Նախագահն ընդգծել է, որ խոսքը ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, այլեւ տարբեր ոլորտներում արհեստական բանականության օգտագործման մասին է:

Նրա խոսքով, օգտակար կլինի այսօր ավելի շատ խոսել ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին:

«Ամեն օրը՝ այսօրը, վաղը, ի վերջո, դառնում են անցյալ, եւ եթե մենք տքնաջան չաշխատենք այն ավելի լավը դարձնելու համար, կվատնենք ամենաթանկարժեքը, որն ունի մարդկությունը՝ ժամանակը»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Յոհաննես Հանն իր հերթին ասել է, որ մեծ նշանակություն են տալիս Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին եւ եկել են՝ լսելու, թե ինչ ծրագրեր կան եւ հասկանալու, թե ինչպես կարող են աջակցել: