11:45 | 24.01.19 | Նորություններ | 2948

    Boeing-ը թեստավորել է իր անօդաչու աերոտաքսին

    Boeing-ն իրականացրել է իր անօդաչու աերոտաքսի Boeing NeXt-ի նախատիպի առաջին հաջող փորձարկումը:

    Ընկերությունում նշել են, որ Boeing NeXt-ը կարողացել է ուղղահայաց թռիչք կատարել, օդում կախվել եւ վայրէջք կատարել:

    Boeing-ի տեխնիկական տնօրեն Գրեգ Հիսլոպն ընդգծել է, որ ընկերությունը թռչող մեքենայի կոնցեպտն աշխատող նախատիպի է վերածել ընդամենը 1 տարվա ընթացքում:

     


    Ինքնակառավարվող Boeing NeXt-ը կարող է ուղեւորներ տեղափոխել 80,5 կմ հեռավորության վրա: Սարքի երկարությունը կազմում է 9 մետր, լայնությունը՝ 8,5 մետր:

    Էլեկտրաշարժիչը եւ թեւերի համակարգը թույլ կտան սարքին ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց թռիչքներ իրականացնել:

    Բացի ուղեւորատար աերոտաքսին, ընկերությունը նաեւ բեռնատար ինքնաթիռի ստեղծման ուղղությամբ է աշխատում, որը կկարողանա մինչեւ 226 կգ բեռ տեղափոխել: Այն այս տարվա ընթացքում կթեստավորվի օդում:

    2017թ. 1 տեղանոց թռչող ավտոմեքենայի կոնցեպտը ցուցադրեց Airbus ընկերությունը եւ մեկ տարի անց այն հաջողությամբ թեստավորեց: Թռչող ավտոմեքենաների մշակմամբ են զբաղվում նաեւ Bell Helicopter, Uber եւ Ehang ընկերությունները: