10:58 | 23.01.19 | Նորություններ | 2560

Հակոբ Արշակյանն ու ԿՏՀ գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության ուղիները

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) գլխավոր քարտուղար Նուրիդին Մուխիդինովին:

Վերջինս Երեւանում մասնակցում է ռադիոհաճախականության տիրույթի եւ արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով ԿՏՀ կոմիտեի 14-րդ նիստի աշխատանքներին:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարեւորել է Երեւանում նման միջոցառման անցկացումը: Նա նշել է, որ բարձր է գնահատում կոմիտեի կողմից կատարվող աշխատանքները եւ ԿՏՀ-ի շրջանակում նման միջոցառումների անցկացումը, որը մի շարք ուղղություններով կտա իր արդյունքները։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԿՏՀ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել ռադիոհաճախականությունների գծով մասնագետների աշխատանքը, թվային տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, համագործակցության զարգացումն ու խորացումը, դրա համար համապատասխան հարթակ ձեւավորելու անհրաժեշտությունը։

ԿՏՀ-ի գլխավոր քարտուղարին ներկայացվել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, ինչպես նաեւ նախարարության հետագա գործունեության տեսլականը։ Անդրադարձ է կատարվել համատեղ պիլոտային ծրագրեր իրականացնելու հնարավորություններին։

Նուրիդին Մուխիդինովը նախարարին ներկայացրել է ԿՏՀ-ի մի շարք բիզնես նախագծեր, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել Հայաստանում։ Նա նաեւ անդրադարձել է ԿՏՀ-ի կազմում գործող բարձր մակարդակի աշխատանքային խմբի գործունեությանը՝ առաջարկելով, որ Հայաստանը եւս ներգրավված լինի դրանում՝ նախարարի տեղակալի մակարդակով։