09:24 | 12.01.19 | Նորություններ | 8028

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ լուծվել է եւս մեկ ընտանիքի բնակարանային խնդիր

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շրջանակում բնակարանամուտ է տոնել Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում բնակվող Ավդալյանների երիտասարդ ընտանիքը։

Գործընկեր կառույցների ղեկավարները երիտասարդ ընտանիքի հետ կիսել են Ամանորի եւ բնակարանամուտի ուրախությունը:

«Սոցիալական խնդիրներով պայմանավորված` շատ ընտանիքներ ստիպված են լինում անցնել աննկարագրելի դժվար ճանապարհով: Դա մեծ խնդիր է, որը հնարավոր չէ անտեսել: Մեր ծրագրի նպատակներից մեկն էլ ցուցաբերվող աջակցության շնորհիվ մարդկանց ոտքի կանգնելու հնարավորություն տալն է: Նա, ով մեկ անգամ հաղթահարում է հուսահատությունը, մեկընդմիշտ կարող է փոխել իր վերաբերմունքը խնդիրներ լուծելու հանդեպ: Կարծում եմ՝մեզ հաջողվել է մարդկանց մոտ արթնացնել այդ վստահությունը: Ամենակարեւոր ձեռքբերումը սեփական ուժերի նկատմամբ հավատի վերականգնումն է»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տասը տարի առաջ մեկնարկած համագործակցությունը արգասաբեր է եղել Հայաստանի բոլոր մարզերում բնակվող 162 ընտանիքի համար:

«Ամանորը ընտանեկան տոն է եւ ուրախ ենք, որ մեր համագործակցության արդյունքում ընտանիքը կարող է այն տոնել սեփական հարկի տակ: Այս ընտանիքն այսուհետեւ իր «ամրոցն» ունի եւ լիահույս է ապագայի նկատմամբ»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ամփոփելով նախորդ տարվա ձեռքբերումները՝ գործընկերները քննարկել են նաեւ 2019թ․ իրականացվելիք ծրագրի հետ կապված հարցեր: