12:56 | 25.12.18 | Նորություններ | 5802

Գիտնականներն ու բիզնեսի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության տարբերակները

Դեկտեմբերի 23-ից 24-ը Ծաղկաձորում Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ), PMI Science-ի աջակցությամբ, կազմակերպել էր «Հետազոտություններ եւ տեխնոլոգիաներ» համաժողովը:

Երկօրյա համաժողովը միավորել է շուրջ 100 ներկայացուցչի՝ համալսարաններից եւ հետազոտական հաստատություններից, ստարտափ ընկերություններից, ՏՏ ոլորտի եւ ինժեներական կազմակերպություններից, ինկուբատորներից:

Ֆորումի նպատակն էր ուսումնասիրել Հայաստանի բիզնես եւ գիտահետազոտական հաստատություններում առկա առաջատար տեխնոլոգիաները՝ աշխատանքային կապերի խթանման, գործընկերության եւ հետագա համագործակցության նպատակով:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը «Հետազոտություններ եւ տեխնոլոգիաներ» համաժողովի շրջանակում ասել է․

«Ֆորումի արդյունքում կարեւոր է կոտրել սառույցը եւ բարենպաստ միջավայր ստեղծել բարձր տեխնոլոգիական ոլորտի, մասնավոր հատվածի եւ գիտնականների ու հետազոտողների միջեւ՝ իրական աշխատանքային համագործակցություն խթանելու նպատակով»:

photo © ՁԻՀ


«Այսօր Հայաստանում «Ֆիլիպ Մորրիս» ընկերության հետազոտական ծրագրերի վերաբերյալ երբեմն առկա է թյուրըմբռնում։ Այն հաճախ նույնացնում են ծխախոտի արտադրության հետ, ինչն իրականում այդպես չէ։ Պետք է միանշանակ հասկանալ, որ հետազոտական գիտական աշխատանքները կապ չունեն որեւէ կոնկրետ բիզնեսի գովազդի հետ: Այսօրվա համաժողովը դրա վառ օրինակն է»,- նշել է PMI R&D էկոհամակարգի մենեջեր Մարիամ Դավթյանը:

«Հետազոտություններ եւ տեխնոլոգիաներ» համաժողովի շրջանակում PMI Science-ը կրթաթոշակներ է հանձնել ՀԱՊՀ Համակարգային Ինժեներիա եւ ԵՊՀ Տվյալագիտության մագիստրոսական ծրագրերի ուսանողներին։ Դրամաշնորհային ողջ գործընթացը կոորդինացվել է ՁԻՀ-ի կողմից։

Գիտնականների ու հետազոտողների եւ մասնավոր բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել են նաեւ վորքշոփեր՝ հետեւյալ ոլորտների շուրջ՝

- Մեքենայական ուսուցում / Տվյալագիտություն,
- Մոդելավորում, Սիմուլացիա, Ճարտարագիտություն,
- Կենսատեխնոլոգիա, Քիմիա, Նյութագիտություն / Տեխնոլոգիա:

«Բիզնեսն ու գիտությունը կարիք ունեն կառուցողական երկխոսության, որի արդյունքում լսելի կդառնան միմյանց համար եւ հիմք կդնեն ապագա համագործակցության: Երկրի տնտեսական զարգացումն ապահովելու համար բիզնեսն ու գիտությունը պետք է ընթանան միասին՝ ապահովելով երկուստեք հաջողություն»,- իր հերթին ընդգծել է Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) համակարգող Ամալյա Մխիթարյանը: