10:46 | 03.12.18 | Նորություններ | 6342

Թայվանի ՏՀՏ ոլորտի առաջնորդներն առաջիկայում կայցելեն Հայաստան

Դիլիջանում անցած շաբաթ կայացած 6-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումի շրջանակում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը հայտարարել է, որ 2019թ․ փետրվար եւ մարտ ամիսներին Հայաստան կժամանեն Թայվանի ՏՀՏ ոլորտի առաջնորդներ։

Ալեքսանդր Եսայանի խոսքով, վերջերս Թայվան կատարած իր այցի ժամանակ հանդիպել է 63 երկրներում գործող թայվանական Taitra առեւտրային կազմակերպության նախագահ Ջեյմս Հուանգի, Hsinchu գիտության եւ տեխնոլոգիաների խոշորագույն պարկի ղեկավարի, Թայվանի տեղեկատվական ծառայությունների արդյունաբերության նախագահ Իվոն Չուի, DIGITIMES-ի նախագահ Քոլեյ Վանգի եւ այլ առաջնորդների հետ:

Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի վերջիններս Հայաստան այցելեն: Պատվիրակների աշխատանքային խմբում կլինեն նաեւ մասնագետներ, ովքեր 1985թ. հաջողությամբ մշակել են Թայվանի ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը:

Ալեքսանդր Եսայանը տեղեկացրել է, որ ԱՏՁՄ-ն կկազմակերպի աշխատանքային հանդիպումներ Թայվանի պատվիրակների, ՀՀ Կառավարության եւ ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ փորձի փոխանակման եւ համագործակցության եզրեր ստեղծելու նպատակով: