13:16 | 29.11.18 | Հարցազրույցներ | exclusive 35426

Ամալյա Եղոյան. BDA-ը կնպաստի նոր ընկերություններ Հայաստան ուղղորդելուն

Հայաստանում 2007-ից գործում է Business Development Advisors (BDA) կազմակերպությունը, որը ստեղծվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից:

Ընկերության գործունեության առանցքային կետերից է արտասահմանյան աշխատատեղերի, կապերի եւ գործընկերների ուղղորդումը դեպի Հայաստան։

Itel.am-ը զրուցել է Business Development Advisors կազմակերպության տնօրեն Ամալյա Եղոյանի հետ։

-Ի՞նչ առանցքային գործառույթներ է իրականացնում BDA-ը:

- Business Development Advisors-ի նպատակներից առաջինն է նպաստել, որ միջազգային ընկերությունները Հայաստանում հիմնեն իրենց տեխնոլոգիական, ինժեներական, նորարարության կենտրոններն ու մասնաճյուղերը:

Նպատակներից է աջակցել արտապատվիրման եւ արտահանման շուկայի ընդլայնմանը՝ շեշտադրելով հայկական ընկերությունների արժեքները, կարողություններն ու առկա հաջողությունները։

Ցանկանում ենք նաեւ օգնել հայկական սկսնակ ընկերություններին՝ վաճառել իրենց արտադրանքը միջազգային շուկայում, ինչպես նաեւ գտնել համապատասխան գործընկերներ։

Աշխատում ենք նաեւ բիզնես ուղղվածությամբ միջոցառումներ կազմակերպելու ուղղությամբ, որոնք կօգնեն հայաստանյան շուկան ներկայացնել միջազգային գործընկերներին:

- Ի՞նչ կոնկերտ օրինակների վրա կարող ենք ներկայացնել այն քայլերը, որոնք Business Development Advisors-ն իրականացրել է վերջին շրջանում՝ վերոնշված նպատակներն իրագործելու ուղղությամբ:

- Որպես մեր ամենաթարմ կարեւորագույն հաղթանակ՝ կարող եմ նշել Կանադայում գործող ինժեներական ոլորտի ISB ընկերության հետազոտական կենտրոնի հիմնումը Հայաստանում։


Ընկերության ներկայացուցիչը, որը Հայաստան էր եկել շուկան ուսումնասիրելու նպատակով, մեր առաջարկով այցելեց Ինժեներական քաղաք, ծանոթացավ ինժեներական ոլորտի ընկերությունների գործունեությանը: Սրան հաջորդեց Հայաստանում բիզնեսի զարգացման հնարավորությունների շուրջ համատեղ քննարկումը, որի արդյունքում ընկերությունն արդեն գործում է Ինժեներական քաղաքում, իսկ կառավարման ամբողջ աշխատանքը վստահված է BDA-ին։

- Ձեր կարծիքով, ներկայում ինչո՞վ է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը գրավիչ՝ արտասահմանյան ընկերությունների համար:

- Իհարկե, գրավչությունները, ինչպես նաեւ մարտահրավերները, շատ են եւ տարաբնույթ, բայց կառանձնացնեմ մի քանիսը:

Նախ՝ Հայաստանն ապահով երկիր է ապրելու, արարելու, աշխատելու համար: Այստեղ առկա են նաեւ մարդկային ռեսուրսներ՝ ալգորիթմական եւ ստեղծագործ մտածելակերպ, ճկուն աշխատելաոճ: Մեր երկիրը նաեւ միջազգային ընկերություններին շուկայի ընդլայնման հնարավորություններ է տալիս՝ Հայաստանն աշխարհագրական դիրքի շնորհիվ կամուրջ է հանդիսանում դեպի ԵԱՏՄ, ինչպես նաեւ միջին արեւելյան շուկաներ ընդլայնվելու համար:

Հայաստանը գրավիչ է նաեւ նրանով, որ մրցունակ գին է առաջարկում բարձր որակի դիմաց:

Ոլորտը նաեւ համալիր բարդ ամբողջական լուծումներ է տրամադրում. հայի գենետիկական տեսակը նորարար է, այսինքն՝ սերիական արտադրող չենք, ուստի մեծաքանակ ազգերի հետ չենք մրցակցում: Սա նշանակում է, որ քանակ եւ որակ հարաբերակցության մեջ առաջնայնությունը տալիս ենք որակին։

- Իսկ ի՞նչն է պակասում Հայաստանի ՏՏ ոլորտին՝ արտերկրի ընկերությունների համար առավել գրավիչ դառնալու համար:

- Ցավոք, պետք է փաստել, որ խորհրդային գործելաոճից դեռեւս ամբողջական անցում չենք կատարել դեպի միջազգայնացված բիզնես մշակույթ, ինչը, մասնավորապես, արտահայտվում է հետեւողականության, համակարգվածության, հաղորդակցման եւ վստահ փոխգործակցության պակասությամբ։

- Որո՞նք են առաջիկա մեկ տարվա կտրվածքով ձեր ընկերության քայլերը՝ Հայաստանի ՏՏ ոլորտն աշխարհում ավելի ներկայանալի եւ գրավիչ դարձնելու համար:

- Անընդհատ կապի մեջ լինելով աշխարհի գրեթե բոլոր մեծ հայկական համայնքների հետ՝ պարզել ենք, որ շատերն են ցանկանում գործարարությամբ զբաղվել հայրենի երկրում: Շատերն են հաճախ լսում «ինչո՞ւ» ներդրումներ կատարել Հայաստանում, սակայն քչերին է ցույց տրվում դեպի «Ինչպե՞ս» ճանապարհը:

«Ինչպես», որը ներառում է բիզնեսը Հայաստանում սկսելու ճանապարհային քարտեզը՝ ենթակառուցվածքների, կադրերի, գործընկերների, մարտահրավերիների եւ այլ կարեւոր գործոնների համադրմամբ։ Մեր ջանքերն ուղղված են լինելու հեռանկարային գործընկերներին նշված ճանապարհային քարտեզը բազմակողմանիորեն համակարգված ներկայացնելուն։

Հայաստանի ՏՏ ոլորտը յուրաքանչյուր տարի ավելի ճանաչելի է դառնում աշխարհում՝ տեխնոլոգիական եւ ստեղծագործական մրցունակության շնորհիվ: Այսօր մեր խնդիրն է ստեղծել միջազգային պահանջարկին թիրախային եւ առարկայական առաջարկներով պատասխանելուն պատրաստ մեխանիզմներ։

Ամալյա Եղոյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը