11:44 | 19.11.18 | Հարցազրույցներ | exclusive 82828

Մայքըլ Քուշաքջեան. EPIC-ը ստարտափներին ուղղորդում է դեպի զարգացման նոր մակարդակ

Մայքըլ Քուշաքջեանը 2018-ի ապրիլից ղեկավարում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC): Նա նաեւ ՀԱՀ Բիզնեսի եւ Տնտեսագիտության քոլեջի դասախոս է, ունի ստարտափ եւ վենչուրային փորձ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Itel.am-ը Մայքըլ Քուշաքջեանի հետ զրուցել է EPIC-ի ծրագրերի եւ տեսլականի, ինչպես նաեւ Հայաստանի ՏՏ ոլորտի մասին:

- Ինչպիսի՞ն է EPIC-ի զարգացման Ձեր տեսլականը:

- Մենք փորձում ենք EPIC-ը հասցնել ավելի բարձր մակարդակի՝ որակի, կարողությունների եւ հնարավորություններ առումով: Կարճաժամկետ նպատակների թվում է մեր ծրագրերի բարելավումը՝ հասցնելով դրանք այն մակարդակի, որում գտնվում են օվկիանոսից այն կողմ լավագույն համալսարանների ինկուբատորները:

Իրականացրել ենք Հայաստանի ՏՏ ոլորտին նվիրված հետազոտություն ու որոշել EPIC-ի դիրքը եւ ռազմավարությունը էկոհամակարգում: Նպատակն է ակտիվ գործունեություն ծավալել, լրացնել արդեն առկա հնարավորությունները եւ օգնել Հայաստանի բիզնեսին զարգանալ: Այս ռազմավարությունը կիրականացնենք՝ աշխատելով վաղ շրջանի ստարտափների հետ՝ օգնելով նրանց վավերացնել իրենց գաղափարները եւ առաջ տանել բիզնեսը:

Հայաստանի ամերիկյան համալսարանն ունի յուրահատուկ ռեսուրսներ եւ հնարավորություններ, որոնք Հայաստանում գործող որեւէ այլ ինկուբատոր եւ աքսելերատոր չունի: Օրինակ, մենք ունենք նորարարությանը, ձեռներեցությանը եւ ստարտափներին նվիրված բազմաթիվ դասընթացներ, որտեղ դասավանդում են դասախոսներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Վերջերս մեր իրականացրած հարցման արդյունքները պարզել են, որ ՀԱՀ-ի 25 դասախոս ներառված է ստարտափ հիմնելու գործում, խորհրդատու կամ ներդրող է վաղ շրջանի ընկերություններում: Այնպես որ, համալսարանում մենք ունենք շատ գիտելիք եւ փորձ, որը կարող ենք օգտագործել սովորեցնելու, խորհուրդներ տալու EPIC-ի ստարտափ թիմերին:

Համալսարանը ներկայում ունի 4000-ից ավելի շրջանավարտ, ինչը եզակի ռեսուրս է: Նրանց 70 տոկոսը բնակվում է Հայաստանում: Մեծ մասը ձեռներեցներ են: Օրինակ, Հայաստանի ամենահաջողակ ստարտափ համարվող PicsArt-ի ղեկավարներից երեքը մեր շրջանավարտներն են: Նրանցից շատերը նաեւ աշխարհով մեկ են սփռված, մի մասն էլ հաջողակ ձեռներեցներ են: Այդ մարդիկ ցանկանում են մասնակցություն ունենալ EPIC-ի գործունեությանը եւ օգնել տեղական ստարտափներին՝ իրենց գլոբալ ցանցի միջոցով:

2016-ից՝ հիմնումից մինչ օրս, EPIC-ն արդեն երկու աքսելերացիոն ծրագիր է ունեցել:

Նախորդ ծրագրերի մասնակիցները ներկայում էլ EPIC-ը եւ ՀԱՀ-ը համարում են իրենց տունը, եւ մենք շարունակում ենք ամեն ինչով աջակցել նրանց:

- Ինչո՞վ է տարբերվելու EPIC-ի աքսելերացիոն երրորդ ծրագիրը, որն արդեն մեկնարկել է:

- Նոր ծրագրի մեկնարկը տվեցինք հոկտեմբերի 1-ին: Այն նախորդների համեմատ ավելի պաշտոնական եւ համակարգված է: Մասնակիցները յուրաքանչյուր շաբաթ մասնակցում են վորքշոփերի եւ քննարկումների՝ Հայաստանի եւ արտերկրի ձեռներեցների հետ: Մենթորությանը նվիրված ծրագիրը եւս այս անգամ ավելի ինտենսիվ է:

EPIC-ի աշխատանքներում ցանկանում ենք ներառել ոչ միայն Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին, այլեւ համալսարանից դուրս գտնվողներին: Յուրաքանչյուր թիմից առնվազն մեկ անդամ պետք է լինի ՀԱՀ ուսանող կամ շրջանավարտ: Մյուսները կարող են լինել համալսարանից դուրս: Օրինակ, անցած տարվա ծրագրում ունեինք մասնակից, որն ավագ դպրոցում էր սովորում:

- Ի՞նչ են թիմերը ստանում աքսելերացիոն 12 շաբաթների ընթացքում:

- Մեր առաջնային նպատակն է պատրաստել ստարտափներին՝ որպես բարձրորակ ընկերություններ, որոնք կարող են անցնել զարգացման եւ աճի հաջորդ մակարդակ: Ստարտափները ստանում են համալսարանի ենթակառուցվածքներից, նախատիպերի լաբորատորիաներից, մենթորների ծառայություներից օգտվելու հնարավորություն: Եվ որոշ ստարտափների դեպքում՝ ազդեցիկ ներուժ նկատելու պարագայում, մենք կարող ենք դիտարկել նրանց ներդրումների միջոցով աջակցելու հնարավորությունը:

ՀԱՀ-ն ու EPIC-ը նաեւ Հայաստանից դուրս հավանական ներդրողների ցանց ունեն: Մենք օգնում ենք այդ ներդրողներին գտնել ընկերություններ, որոնք պատրաստ են ներդրման համար: ՀԱՀ-ը Հայաստանում գործում է արդեն 27 տարի եւ շատերն են համալսարանին դիմում նման հարցերով:

- Աքսելերացիոն ծրագրից բացի, է՞լ ինչ ուղղություններով է գործունեություն ծավալում EPIC-ը:

- Հիմա աշխատում ենք ներդրումային հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ տարի:

Երկու ուղղություն կա, որոնց վրա ցանկանում ենք կենտրոնանալ: Հաճախ ենք ստանում հարցումներ՝ Սփյուռքում գործող վաղ շրջանում գտնվող ընկերություններից, որոնք ցանկանում են որոշակի ներկայություն ունենալ Հայաստանում, եւ դա անել ՀԱՀ-ի եւ EPIC-ի միջոցով:

Այդ ընկերությունները սկսել են Հայաստանով ավելի շատ հետաքրքրվել հեղափոխությունից հետ: Մարդիկ սկսում են իրենց ավելի հարմարավետ զգալ՝ այստեղ գրասենյակ բացելու կամ Հայաստանում գործող ստարտափում ներդրում կատարելու առումով:

Մեկ այլ ուղղություն, որ ցանկանում ենք զարգացնել, համագործակցությունն է Հայաստանի այլ համալսարանների հետ, օգնելու իրենց ներսում ստեղծել ինկուբատորներ եւ աքսելերատորներ: Հրավիրել ենք Երեւանի, մարզերի եւ Արցախի համալսարանների ներկայացուցիչների, որպեսզի հաղորդակցվեն մեր ծրագրի ստարտափների հետ եւ տեսնեն, թե ինչպես ենք իրականացնում աքսելերացիոն ծրագիրը:

- Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները Հայաստանում ՏՏ ոլորտի վերջին զարգացումների վերաբերյալ:

- Կարծում եմ՝ առկա է զարգացում, թեեւ համեմատաբար փոքր հիմքից: Ամենամեծ մարտահրավերը մարդկային կապիտալի եւ զարգացած աշխատուժի պահպանումն է: Պետք է հասկանալ, թե ինչպես պահել լավագույն մասնագետներին Հայաստանում: Չէ՞ որ բոլորս ենք տեղյակ լավագույնների համար գլոբալ մրցակցության մասին:

Տեխնիկական գիտելիքը Հայաստանում շատ որակյալ է, սակայն Հայաստանում ընկերություն ստեղծելու եւ զարգացնելու համար մենեջմենթի ոլորտի փորձի ներդրման կարիք կա եւ ՀԱՀ-ը կարող է օգնել այդ հարցում:

Մենք շատ դրական ենք տրամադրված այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է վերջին շրջանում Հայաստանում, եւ որպես կրթական հաստատություն, Հայաստանի ամերիկյան համալսարանը պատրաստ է աշխատել բոլորի հետ: Մեր նպատակն է անել հնարավոր ամեն ինչ՝ կրթելու մարդկանց նոր Հայաստանում:

Մայքըլ Քուշաքջեանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը