10:48 | 28.11.18 | Նորություններ | 4859

Մեքենայական ուսուցման 31 նորավարտ մասնագետ կաշխատի ոլորտի առաջատար ընկերություններում

Նոյեմբերի 27-ին PicsArt ընկերության Երեւանի գրասենյակում Մեքենայական ուսուցման յոթամսյա խորացված դասընթացի 31 շրջանավարտ ստացել է ավարտական սերտիֆիկատ:

Նրանք աշխատանքի կանցնեն Հայաստանում ՏՏ ոլորտի առաջատար այն ընկերություններում, որոնք լայնորեն կիրառում են արհեստական բանականության լուծումներ՝ իրենց ծառայություններում ու պրոդուկտներում:

PicsArt-ի հայկական գրասենյակի գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը նշել է, որ սա ընկերության կազմակերպված արդեն երկրորդ երկարատեւ կրթական ծրագիրն է։ Արդյունքում, երկու տարում ծրագիրն ունեցել է 60 շրջանավարտ, որոնք արդեն ապահովված են աշխատանքով:

«Մենք կարեւորում ենք Հայաստանում տվյալ ոլորտի մասնագետների պատրաստումը ոչ միայն նրա համար, որ ինքներս նման մասնագետների պահանջարկ ունենք, այլ որովհետեւ արհեստական բանականությունն ու մեքենայական ուսուցումը ռազմավարական նշանակություն ունեն ՏՏ համաշխարհային շուկայում մրցունակ լինելու համար, եւ սա այն ճյուղն է, որը Հայաստանի ՏՏ ոլորտին մրցակցային առավելություն կարող է տալ»,- ընդգծել է Միքայել Վարդանյանը:

Դեռեւս մայիսին մեկնարկած մեքենայական ուսուցման դասընթացի մասնակցության համար հայտ էր ներկայացրել շուրջ 800 ուսանող Հայաստանի տարբեր բուհերից, որոնցից միայն 31-ն էին հաղթահարել մրցութային փուլերը եւ ստացել կրթաթոշակ՝ PicsArt ընկերության կողմից:

Մեքենայական ուսուցման դասընթացն իրականացվել է PicsArt ընկերության նախաձեռնությամբ՝ Armenian Code Academy-ի հետ համատեղ։ Ծրագրի համագործակիցներն են BetConstruct, Ameriabank, Essential Solutions, Webb Fontaine ընկերությունները:

Դասընթացներն իրականացվել են հայ, ինչպես նաեւ միջազգային մի շարք առաջատար՝ մասնավորապես Google, Yandex, SkolTech, Ezhome, UPenn ընկերությունների փորձառու մասնագետների կողմից: