11:13 | 27.11.18 | Նորություններ | 7266

Dasaran-ը պարգեւատրել է նոր սերնդի դպրոցներին

Նոյեմբերի 26-ին Dasaran կրթական կենտրոնում ամփոփվել է «Նոր սերնդի դպրոց 2017-2018» վարկանիշավորման մրցույթը:

Դրան մասնակցում էին Հայաստանի եւ Արցախի՝ Dasaran կրթական ծրագրի էլեկտրոնային միջավայրին միացած 1484 դպրոցները:

Մրցույթն իրականացրել են Հայաստանի ու Արցախի կրթության եւ գիտության նախարարությունները, Երեւանի քաղաքապետարանը` «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի եւ Dasaran ծրագրի հետ համատեղ:

«Նոր սերնդի դպրոց» հանրակրթական դպրոցների վարկանիշավորման մրցույթը նպատակաուղղված է հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների համակարգչային գիտելիքների վերազինմանը, դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կիրառման եւ Dasaran-ի էլեկտրոնային հարթակի լիարժեք գործածման խրախուսմանը: Այն նպատակ ունի նաեւ ծնողների համար ուսումնական գործընթացն ու աշակերտների առաջադիմությունը դարձնել առավել թափանցիկ եւ վերահսկելի»,- նշել է Dasaran ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը:

Մրցույթի ամփոփման եւ մրցանակաբաշխության արարողության ժամանակ Հայաստանի եւ Արցախի 61 դպրոց պարգեւատրվել է տարբեր մրցանակներով, այդ թվում՝ համակարգիչներով, գրադարաններով եւ պատվոգրերով:

Ամենաբարձր արդյունավետությունն են դրսեւորել ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի միջնակարգ, Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 5 հիմնական, Կոտայքի մարզի Զորավան գյուղի միջնակարգ, Կոտայքի մարզի Գառնի Բանավան գյուղի հիմնական, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի միջնակարգ, Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղի հիմնական, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ուռեկանի գյուղի միջնակարգ դպրոցները: