17:34 | 26.11.18 | Նորություններ | 2946

Հայտնի են SAP UP ստարտափ մրցույթի հաղթողները

Նոյեմբերի 23-ին Դիլիջանում կայացել է սոցիալական ձեռներեցների SAP UP մրցույթի եզրափակիչը, որի շրջանակում մրցել է 11 ստարտափ:

Հայաստանում առաջին անգամ անցկացվող մրցույթի հաղթող է դարձել Special Parents for Special Kids ստարտափը` արժանանալով 2 մլն դրամ մրցանակի։ Ստարտափի նպատակն է մանկական հաստատություններում հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար ստեղծել ադապտացվող կահույք: Ստարտափը պատրաստվում է ստացած գումարը ծախսել արտադրություն սկսելու համար եւ պրոդուկտը տարածել Հայաստանի մարզերում:

Հատուկ մրցանակի է արժանացել BOO BIKES: bike shop-café ստարտափը, որը ստացած 1 մլն դրամ մրցանակը կծախսի հեծանվորդների համար տարածքներ եւ սրճարաններ ստեղծելու համար։

Երկրորդ հորիզոնականը կիսել են noomee եւ InclusiveGym ստարտափները, որոնք սոցիալական ձեռներեցության ոլորտի փորձագետներից խորհրդատվություն եւ գիտելիքներ ստանալու նպատակով կմեկնեն Եվրոպա՝ շրջայցի:

Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացնել 60-ից ավելի ստարտափ Հայաստանի 30 քաղաքից։

«4 տարիների ընթացքում SAP UP մրցույթը տեղական նախաձեռնությունից վերածվեց միջազգային մրցույթի, որն ուշադրություն է դարձնում Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում եւ Ղազախստանում կարեւոր խնդիրներ լուծող նախագծերի վրա։ Մենք հավատում ենք, որ Հայաստանում SAP UP-ը կարող է դառնալ սոցիալական ձեռներեցությունը, գիտելիքների լավագույն պրակտիկայի փոխանակումը զարգացնելու արդյունավետ հարթակ»,- նշել է Հայաստանում SAP-ի գործադիր տնօրեն Իլյա Շուլիպինը։

Հավելենք, որ SAP ընկերության կողմից կազմակերպվող մրցույթն անց է կացվում նաեւ Ռուսաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում: 2015թ.-ից մինչ օրս մրցույթին մասնակցել է ավելի քան 1500 նախագիծ:

SAP-ը Գերմանիայում տեղակայված անդրազգային ընկերություն է, որը ներկայացնում է ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման ավտոմատացված համակարգ:

Ընկերությունն օգնում է տարբեր չափերի եւ ուղղության կազմակերպություններին արդյունավետ կառավարել իրենց բիզնեսը: SAP-ի լուծումներից այսօր օգտվում է ավելի քան 378 հազ. հաճախորդ: