11:14 | 24.11.18 | Նորություններ | 3448

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնակցությամբ հուշագիր է ստորագրվել

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, «ՄՏՍ Հայաստան», «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ» ընկերությունները եւ Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։

Դրա շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատություններում կներդրվեն «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» եւ «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկաները։

Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, «ՄՏՍ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Յունիքոմփ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը եւ ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

Շնորհավորելով բոլոր կողմերին հուշագրի ստորագրման կապակցությամբ՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՏՀՏ ոլորտում ԿԳ նախարարությունը սերտ համագործակցում է հիշյալ ընկերությունների հետ: Նրա խոսքով՝ 2015 թվականից իրականացվող փորձնական ծրագիրն այսօր ընդլայնվում է. ծրագրում ներառված 10 ավագ դպրոցներին ավելանում են եւս 5-ը:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը եւս իր հերթին փաստել է, որ ծրագիրը բավականին մեծ հաջողությամբ է իրականացվում:

«Հպարտ ենք, որ Հայաստանը միակն է աշխարհում, որի ավագ դպրոցներում այս առարկաները պարտադիր են: Սա շախմատից հետո երկրորդ ֆենոմենն է, որ արտահանվում է Հայաստանից, քանի որ անգամ զարգացած երկրների ներկայացուցիչներն են նշում դրա մասին: Գիտենք, որ կառավարությունը բարձր տեխնոլոգիաները հայտարարել է տնտեսության զագացման առաջնահերթություն, եւ եթե ցանկանում ենք, որ այն լինի հիմնական լոկոմոտիվը, ապա պետք է որակյալ կրթություն ապահովենք»,- նշել է նա:

«ՄՏՍ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ կարեւոր է, որպեսզի բիզնեսն իր կուտակած փորձը փոխանցի աճող սերնդին:

«Այս ծրագիրը փաստում է, որ նորարար գիտելիքներ փոխանցելով աշակերտին՝ մենք նրան մասնագիտական կողմնորոշման հնարավորություն ենք տալիս: Մասնագետ պետք է սկսել պատրաստել դեռեւս ավագ դպրոցից, որպեսզի նա շուկա մտնելիս ունենա նվազագույն գիտելիքներ, որպեսզի նաեւ մենք կարողանանք ընտրել որակյալ կադրեր»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը:

Համաձայն հուշագրի՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը կապահովի «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» եւ «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկաների ներդրումը,  կմշակի, կլրամշակի եւ կհաստատի այդ առարկաների չափորոշիչները եւ ծրագրերը, կմասնակցի դպրոցների ընտրությանը, ինչպես նաեւ կաջակցի դրա հանրային իրազեկմանը:

«ՄՏՍ Հայաստան» ընկերությունը կմասնակցի «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը՝  «Միկրոէլեկտրոնիկա», «Յունիքոմփ» ընկերությունը՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների չափորոշչի եւ ծրագրի մշակմանը եւ կիրականացնի այդ առարկաների ուսուցիչների վերապատրաստումը:

«Յունիքոմփ» ընկերությունը  նաեւ տեխնիկական աջակցություն կտրամադրի մասնակից ավագ դպրոցների, «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» եւ «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկաների լաբորատորիաների եւ համակարգչային ցանցի սպասարկմանը:

Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը կաջակցի ծրագրին՝ նպաստելով նոր գործընկերների ներգրավմանը, ինչպես նաեւ կիրականացնի ծրագրի մոնիթորինգը եւ դպրոցների ընտրությունը: