11:01 | 20.11.18 | Նորություններ | 11689

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կայացել է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը նվիրված համաժողով

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման» ծրագրին նվիրված համաժողով:

Այն իրականացվել է Արդարադատության նախարարության եւ «Ներդաշնակ Զարգացում» հասարակական կազմակերպության կողմից՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Արտակ Զեյնալյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին եւ նշել, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները պետք է իրապես որակել որպես աննախադեպ եւ պատմական:

Նրա խոսքով, բիզնեսն այն հիմնական շահառուներից է, որի վրա պետք է անմիջականորեն անդրադառնան ժողովրդական պայքարի պտուղները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով, հակակոռուպցիոն համակարգի ներդրումը կարեւոր է՝ որպես ընկերության գործունեությունը վերահսկելու միջոց՝ ուղղված ծախսերի թափանցիկության եւ հիմնավորվածության, ներդրումների կանխատեսելի եւ կանոնավոր վերադարձելիության ապահովմանը եւ այլն:

«Այդուհանդերձ՝ միջազգային հակակոռուպցիոն համակարգերի ստանդարտներին համապատասխանությունն առավելագույնս արդյունավետ է լինում, երբ այն ընկերության աշխատակիցների արժեհամակարգի մաս է կազմում, ինչպես դա ՎիվաՍել-ՄՏՍ-ում է: Հակակոռուպցիոն ու կաշառակերության կանխարգելմանն ուղղված՝ ISO 37001 եւ ISO 19600 միջազգային վկայականներ ստանալը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից, առաջին անգամ Հայաստանում, բխում է ոչ թե ընկերությանն հանդեպ իրավական պահանջներից, այլ միջազգային մակարդակում կորպորատիվ կառավարման ամենաբարձր չափանիշներին համապատասխանելու մեր ցանկությունից ու կամքի դրսեւորումից»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը եւ ընդգծել, որ իրենք դա արել են կամավոր կերպով: