11:12 | 12.11.18 | Նորություններ | 32276

EPIC ինկուբատորի ստարտափները՝ Rido, FinAssist եւ BeautyBook

Հոկտեմբերի սկզբին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնում (EPIC) մեկնարկեց EPIC ստարտափ ինկուբատորի աքսելերացիոն 3-րդ ծրագիրը:

Ծրագրի շրջանակում 9 թիմերը մասնակցում են 12 շաբաթյա դասընթացների, որոնց ընթացքում զարգացնում են իրենց ստարտափ գաղափարները, կառուցում եւ հաստատում բիզնես մոդելները՝ օգտվելով ՀԱՀ էկոհամակարգի առավելություններից: Ծրագիրը ներառում է նաեւ մասնակցություն սեմինարների, ինչպես նաեւ խորհրդատվություն փորձառու ձեռներեցներից:

Itel.am-ը նոր շարքում ներկայացնում է EPIC-ի աշնանային ծրագրի թիմերին:

Շարքի առաջին մասում կպատմենք Rido, FinAssist եւ BeautyBook ստարտափների մասին, որոնք նպատակ ունեն կապ հաստատել հաճախորդների եւ սպասարկողների միջեւ` մեքենաների վարձակալության, ֆինանսական եւ գեղեցկության ոլորտներում:

Rido-ն դառնալու է Հայաստանում առաջին հարթակը, որը կկապի սեփական մեքենա ունեցողներին՝ մեքենա վարձակալել ցանկացողների հետ:

Ստարտափի հեղինակների խոսքով, մեքենաների սեփականատերերը կկարողանան կայքում նշել իրենց կողմից տրամադրվող ծառայությունները, ինչը հնարավորություն կտա օգտատերերին համեմատել, պատվիրել կամ գնահատել այդ ծառայությունները:

Rido հարթակը կօգնի օգտատերերին մեքենա վարձակալել շուկայում արդեն գործող գներից 30 տոկոս ավելի էժան: Թիմի երեք համահիմնադիրներն ավելի քան հինգ տարվա փորձ ունեն ֆինանսական, բիզնեսի զարգացման եւ ՏՏ ոլորտներում, ներառյալ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում եւ Hewlett Packard Enterprise-ում աշխատելու փորձառությունը: Ստարտափի թիմն արդեն սկսել է աշխատել հարթակի ստեղծման վրա:

FinAssist-ը կենտրոնացված հարթակ է, որի միջոցով մարդիկ կարող են անմիջապես մի քանի ֆինանսական կազմակերպությունների դիմել՝ ծառայությունների համար: Այդ կազմակերպությունները պատրաստում են վարկի կամ այլ ֆինանսական ծառայության նախնական առաջարկ՝ հաշվի առնելով կոնկրետ հաճախորդի տվյալները, եւ ուղարկում նրան:

Ստարտափի հիմնադիրների խոսքով, հաճախորդները, ստանալով ֆինանսական կազմակերպությունների առաջարկները, ընտրում են իրենց պահանջներին ամենահամապատասխանը: Արդյունքում՝ մի քանի ֆինանսական կազմակերպություններ այցելելու կամ դրանց վեբ կայքերն ուսումնասիրելու փոխարեն հաճախորդներն օգտվում են միայն FinAssist հարթակից՝ խնայելով ժամանակը:

BeautyBook-ն ամրագրման համակարգ է, որն օգնում է հաճախորդներին առցանց գրանցվել գեղեցկության սրահներում:

Համակարգի շնորհիվ համապատասխան ծառայություն մատուցող սրահ գտնելը դառնում է ավելի հեշտ, իսկ ամրագրման գործընթացն՝ ավելի արագ:

Ամրագրման համակարգը գեղեցկության սրահներին կտրամադրի հաճախորդների սպասարկման ղեկավարման գործիքներ, որոնք կօգնեն ընդլայնել իրենց առաջարկած ծառայությունները եւ բարելավել դրանց որակը: Գեղեցկության սրահները BeautyBook-ի համար կլինեն փորձարկային: Այս ոլորտում հաջողության հասնելուց հետո, թիմը նպատակ ունի համակարգում ներառել նաեւ այլ ոլորտների ծառայություններ:

Նարինե Դանեղյան